ԵՄ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի շուրջ. Reuters


ԵՄ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի շուրջ. Reuters

  • 20-06-2024 15:00:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Reuters-ը, վկայակոչելով դիվանագետներին, հայտնում է, որ ԵՄ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի հարցում։
 
Մայիսի կեսերին հաղորդվել է, որ 14-րդ փաթեթի շրջանակում ԵՄ երկրները մտադիր են արգելել «Իզվեստիայի», «Ռոսիյսկայա գազետայի», «ՌԻԱ Նովոստիի», ինչպես նաև Պրահայի արդեն փակված Voice of Europe կայքի գործունեությունը, քանի որ մի շարք երկրների իշխանություններ դրանք ընդունում են որպես Եվրոպական քաղաքական գործընթացներին ռուսական միջամտության գործիք:
 
Արգելվելու է այս բոլոր լրատվամիջոցներից նյութեր տարածել ԵՄ երկրներում։ Ավելի քան մեկ տասնյակ ռուսական խոշոր լրատվամիջոցներ ԵՄ-ում արդեն արգելված են որպես քարոզչություն և ապատեղեկատվություն տարածողներ:
 
Ենթադրվում է նաև, որ Եվրահանձնաժողովը կառաջարկի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստան հյուսիսկորեական ռազմական տեխնիկա մատակարարող նավերի, ինչպես նաև G7 երկրների կողմից ռուսական նավթի գնի սահմանաչափը խախտող լցանավերի դեմ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԵՄ ղեկավարության աղբյուրները։
 
Բելգիայի կառավարությունը, որը ներկայումս նախագահում է Եվրամիությունը, հայտարարել է, որ փաթեթը ներկայացնում է «նոր նպատակային միջոցներ և երաշխավորում է ամրապնդել գործող պատժամիջոցների հետևանքները»:
 
Reuters-ի փոխանցմամբ՝ նոր փաթեթը ենթադրում է նաև ռուսական հեղուկացված բնական գազի փոխադրման և վերարտահանման արգելք։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը