Հայաստանի առջև ծառացած խնդիրներին կփորձեն լուծումներ գտնել «Միտք» հետազոտական–վերլուծական կենտրոնում
18-11-2024 16:58:38 | Հայաստան | Հասարակություն
Հայաստանում իր գործունեությունն է սկսում «Միտք» հետազոտական–վերլուծական կենտրոնը, որի ուշադրության կենտրոնում են լինելու Հայաստանի առաջև ծառացած ներքին և արտաքին խնդիրները։ Նախաձեռնությունը քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանին է, որը փորձելու է համախմբել տարբեր ոլորտներում պրոֆեսիոնալ համարվող ու մեծ լսարան ունեցող գործիչների ներուժը։
Յուրքանչյուր ամիս ընտրվելու է այդ պահին երկրի առջև ծառացած ամենաարդիական թեմաներից մեկը՝ օրինակ հայ–թուքրական հարաբերություններ, սահմանազատում, տնտեսական խնդիրները և այլն, հրավիրվելու են բանախոսներ, որոնք ներկայացնելու են իրենց լուծումները դրանց վերաբերյալ։
Ըստ Լ․ Դալլաքյանի՝ կենտրոնի ստեղծումը բխում է այսօր Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից, այն քաղաքական նախաձեռնություն չէ, կուսակցություն չէ, իսկ հրավիրված անձիք հասրակական կազմակերպության անդամներ չեն։
Նրա փոխանցմամբ՝ «Միտք»–ի շրջանակներում կարևորվելու է փորձագետների հետ հանդիպումներին նաև շարքային քաղաքացիների մասնակցությունը, ուստի պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվելու քաղաքացիների հետ ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում, ակտիվորեն ներգրավելու են նաև Սփյուռքի ներկայացուցիչներին։
«Առաջիկա համաժողովներից մեկը կլինի մեր սփյուռքահայ բարեկամների, գործիչների մասնակցությամբ, որովհետև ՀՀ–ն հատկապես ԱՄՆ վերջին ընտրություններից հետո կարիք ունի օգտագործելու իր լոբբին և օգտագործել ցանցային Սփյուռքի գաղափարը մեր երկրի խնդիրները լուծելու համար։ Առանձին ցանկանում եմ խոսել նաև Արցախի խնդրի մասին։ Իմ գիտական թեզի թեման եղել է արցախահայերի իրավունքների պաշտպանությունը միջազգային իրավունքի սահմաններում, այսինքն՝ մենք պետք է խոսենք պատմամշակութային արժեքների պահպանության մասին, խոսենք Արցախի ժողովրդի իրենց պատմական հայրենիք անվտանգ վերադարձի իրավունքի մասին»,–ընդգծեց Լ․ Դալլքայանը։
Վերջինս նկատեց, որ Արցախի խնդիրը շուրջ 30 տարի եղել ներքին քաղաքական շահարկումների առարկա, և եկել է ժամանակը, որպեսզի այս հարցը դուրս գա այդ շրջանակից։
«Միտք»–ի աշխատանքների մեկնարկին հրավիրված փորձագետներն ու հանրային գործիչները համամիտ լինելով նախաձեռնության հեղինակի կողմից առաջադրված խնդիրների ու նպատակների հետ, պատրաստակամություն հայտնեցին իրենց աջակցությունը ցուցաբերել և ներուժն օգտագործել ի շահ Հայաստանի Հանրապետության։