Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ նախագահը չի բացել խորհրդարանի նիստը և հայտարարել է այն հակասահմանադրական
25-11-2024 14:43:52 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Վրաստանի նոր գումարման խորհրդարանը առաջին նիստը սկսել է իր լիազորությունների ճանաչման ընթացակարգով։
Նիստին մասնակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության 89 պատգամավոր, որոնք քվեարկել են խորհրդարանի լիազորությունները ճանաչելու օգտին։ Ընդդիմադիր կուսակցություններից ընտրված պատգամավորները չեն ներկայացել խորհրդարան և մտադիր են առաջիկայում պատգամավորական մանդատները հանձնելու մասին հայտարարություն անել։
Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը ստանձնել է լիազորությունները, և, համապատասխանաբար, դադարեցվել են նախորդ գումարման օրենսդիր մարմնի լիազորությունները։
Նիստին ներկա է եղել «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:
Վրաստանի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցերում գրել է, որ խորհրդարանի նոր կազմը ոչ լեգիտիմ է, քանի որ ընտրությունները կեղծվել են։ Զուրաբիշվիլին հավելել է, որ հենց ինքը, ըստ Սահմանադրության, պետք է գումարեր խորհրդարանի առաջին նիստը, սակայն դա չի արել։
Վրաստանի նորագույն պատմության մեջ սա առաջին անգամն է, որ նախագահը չի բացում նիստը:
Նորընտիր խորհրդարանը իրավասու է սկսել աշխատանքը, եթե ներկա է նորընտիր օրենսդիր մարմնի ամբողջական կազմի (ընդհանուր 150 մանդատ) մեծամասնությունը: Առաջին նիստին գրանցվել են միայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից նորընտիր պատգամավորները:
Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանի նիստը «հակասահմանադրական» է:
Խորհրդարանից դուրս ընդդիմության մոտ 200 համակիրներ շարունակում են բողոքի ցույցը հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։
Առավոտյան վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն արդեն ճեպազրույցում ներկայացրել է ապագա կառավարության կազմը, որին ակնկալվում է, որ խորհրդարանը նույն օրը վստահության քվե կհայտարարի։