Ի՞նչ է Ձեզ համար Արցախը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի և դատավորի միջև լեզվակռիվ ծավալվեց


Ի՞նչ է Ձեզ համար Արցախը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի և դատավորի միջև լեզվակռիվ ծավալվեց

  • 28-11-2024 11:59:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՀՀ 2–րդ նախագահի և մյուսների գործով դատավորը հայտարարեց, որ ինքն ի պաշտոնե ունի կաշկանդվածություն շատ հայտարարություններ անելու, բայց իրենից հայրենասեր մարդ չի պատկերացնում։
 
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դասական նիստում, որն ընթանում է հակակոռուպցիոն դատարանում, Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի և գործով դատավոր Սարգիս Պետրոսյանի միջև լեզվակռիվ ծավալվեց Արցախի և հայրենասիրության թեմայով։
 
Բանավեճի ընթացքում Վարդևանյանը հայտարարեց, որ, ի թիվս այլ հարցերի, դատավարության մասնակիցները՝ Քոչարյանը և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, կանգնած են եղել Արցախի ակունքներում, եղել են Արցախի ինքնորոշման իրավունքի մարտիկներ։
 
«Ես հիմա Ձեզ հարցնում եմ՝ ի՞նչ վերաբերմունք ունեք Արցախի Հանրապետությանը, այն առհասարակ Ձեզ համար գոյություն ունի՞, թե՞ ոչ: Որովհետև սա քաղաքական հարց չէ, սա հանրային նշանակության խնդիր է և ի վերջո բխում է Հայաստանի անկախության հռչակագրից... Ինչո՞ւ է սա կարևոր։ Որովհետև եթե ասեիք, որ Արցախը Ձեզ համար կարևոր է, մեր հողն ու ջուրն է, մեր հայրենիքը, ապա շատ հնարավոր է, որ դա մեծապես փարատեր իմ մտահոգությունները»,- ասաց Վարդևանյանը՝ ակնհայտորեն ակնարկելով, որ Քոչարյանի դեմ հարուցված գործը քաղաքականացված է։
 
Դատավորն արձագանքեց՝ ի տարբերություն փաստաբանի` ինքն ի պաշտոնե ունի կաշկանդվածություն շատ հայտարարություններ անելու, բայց իրենից հայրենասեր մարդ չի պատկերացնում։
 
«Պարոն Քոչարյանը 10 տարի եղել է Հայաստանի Հանրապետության նախագահ, 3 տարի եղել է Արցախի Հանրապետության նախագահ։ Պատմությունը լավ ուսումնասիրել եմ, պատմական Հայաստանի սահմաններին լավ տիրապետում եմ։ Այսքանով սահմանափակվենք»,– ասաց դատավորը։
 
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ ՀՀ ՍԴ-ն 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։
 
2021 թ. ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։
 
Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանք մեղադրվում էին միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։ Դատարանը որոշեց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել, գույքի վրա դրված կալանքը հանել։
 
«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերոհիշյալ հոդվածով։
 
ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 22-ի նիստում որոշեց, որ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ Ադպիսով դատախազությանը հնարավորություն է տրվում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը վերաորակել ու նորից սկսել գործի քննությունը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը