Ինչպես են բացահայտվել Աղազարյանի կողմից արված արտահոսքերը. նոր մանրամասներ
04-12-2024 15:43:43 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ArmLur․am-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Հովիկ Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու պատճառը առգրավված հեռախոսն է եղել։
Հովիկ Աղազարյանի հանդեպ ՔՊ կուսակցության և խմբակցության լարվածությունն, ինչպես ArmLur․am-ը գրել էր, խորը արմատներ ունի։
Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հովիկ Աղազարյանը պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որ ենթակա չէին հրապարակվելու, արտահոսքեր է կազմակերպել: Ասել է, թե իշխող խմբակցության ղեկավարը ծանր հանցագործության մեջ է մեղադրել Աղազարյանին։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ում Հովիկ Աղազարյանի այս քայլերի մասին վաղուց են տեղյակ եղել, շատ լուրջ կասկածներ են ունեցել, որ Աղազարյանը մի քանի լրատվամիջոցների հետ պարբերաբար աշխատում է և կազմակերպում ինֆորմացիոն արտահոսքեր, սակայն բացահայտելու համար համապատասխան ապացույցներ չեն եղել։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նկոլ Փաշինյանի անուղղակի հրահանգով են իրավապահները առգրավվել Աղազարյանի հեռախոսը, որից հետո ջրի երես են դուրս եկել արտահոսած բոլոր փաստերը։
Միաժամանակ, այսօր ԱԺ-ում ՔՊ խմբակցության փակ նիստում հարցականի տակ են դրել Հովիկ Աղազարյանի կողմից պետական անվտանգությանը վերաբերվող թեմաներով արտահոսքերի մասին լուրերը։ Ավելին, խմբակցության ներսում խոսում են, թե սա պատրվակ է, որ ՀՀ դատախազը գա ԱԺ և զրկի Աղազարյանին մանդատից։
Բացահայտմանը հաջորդեց դեպի Աղազարյանն ուղված ուղիղ ճնշումներ, որոց արդյունքում ՀՀ վարչապետը խնդրեց Աղազարյանին մանդատը դնել և բազմիցս մերժվեց։
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ՔՊ վարչության նիստում Աղազարյանի ելույթը ճակատագրական եղավ և այսօր ԱԺ ամբիոնից Աղազարյանը հայտնեց խմբակցությունից դուրս գալու մասին։