Երեկ ուզում էի անձամբ խեղդեի Աղազարյանին, մարդը չի զղջում, ինչ իմացել եմ, ուղղակի շոկի մեջ եմ. Սիմոնյան


Երեկ ուզում էի անձամբ խեղդեի Աղազարյանին, մարդը չի զղջում, ինչ իմացել եմ, ուղղակի շոկի մեջ եմ. Սիմոնյան

  • 04-12-2024 16:00:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Վարչապետը հաճախ է հանդիպում խմբակցության հետ, հաճախ իր գործունեության, հարևան երկրի ղեկավարի հանդիպումներից մանրամասներ ներկայացնում խմբակցությանը, կոմունիկացնում է, և պարզվում է, որ դրա ընթացքում ինֆորմացիաներ կան, որ հայտնվել են մամուլում, բայց արդյոք ճի՞շտ է դա»:
 
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու պատճառներին:
 
«Գաղտնիության գրիֆ ունեցող և գաղտնի ինֆորմացիա կրող անձինք, ինչպիսիք են ՀՀ ԱԺ պատգամավորները, պետք է իմանան, որ կան իմֆորմացիաներ, որոնք իրենք իրավունք չունեն հրապարակել: Չեմ ուզում հիմա մանրամասների մեջ մտնել, բայց, որքան հասկանում եմ, պարոն Աղազարյանը շփումներ է ունեցել բոլոր հնարավոր մարդկանց հետ, ով իր հետ շփվել է»,- ասաց Սիմոնյանը:
 
Հարցին, թե վերջե՞րս են իմացել, նա արձագանքեց՝ կարելի է ասել 1-2 օր առաջ:
 
Սիմոնյանը նաև նկատեց՝ անձամբ շոկի մեջ է կուսակցության հրավիրած նիստում լսած ինֆորմացիայից:
 
«Երեկ մենք քննարկել ենք պարոն Աղազարյանի՝ կուսակցությունից դուրս գալու խնդիրը, մոտավորապես 1,5 ժամ տևած հարցի քննարկման ժամանակ մենք նույնիսկ չենք անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցածին, վարչապետի խնդրանքին՝ մանդատը վայր դնելու հետ կապված, այդ թեման նույնիսկ չի քննարկվել: Ես անձամբ շոկի մեջ եմ եղել, այն ինչ իմացել եմ երեկ: Մինչև երեկ բոլոր հնարավոր ձևով փորձել եմ պարոն Աղազարյանին ինչ-որ ձևով պաշտպանել, բայց երեկ ուզում էի անձամբ իրեն խեղդել: Ցավում եմ, որ ինքը երեկ նաև չէր զղջում»,- ասաց նա:
 
Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է կուսակցության շարքերից:
 
Կուսակցությունը որպես հիմնավորում նշել է, որ նա թույլ է տվել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքեր, ինչպես նաև՝ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներ։
 
Ազգային ժողովի նիստի ժամանակ Աղազարյանը հայտարարել է, որ դուրս է գալիս կուսակցությունից՝ ներողություն խնդրելով կուսակիցներից:
 
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել պատգամավորական մանդատները: Վարչապետի խնդրանքը Զեյնալյանն ընդունեց, իսկ Աղազարյանը՝ ոչ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը