Բլինքենը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին և լրագրողներին, վերջ տալ բռնաճնշումներին
12-12-2024 11:18:25 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել «անհապաղ ազատ արձակել» ձերբակալված քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
«Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել Ռուֆաթ Սաֆարովին, Սևինջ Վագըֆգիզիին, Ազեր Գասըմլիին, Ֆարիդ Մեհրալիզադեին, Բախտիյար Հաջիևին, Գուբադ Իբադօղլուին, Meydan TV անկախ հեռուստաալիքի վերջերս կալանավորված աշխատակիցներին և շատ ուրիշներին, որոնք ձերբակալվել են մարդու իրավունքների ոլորտում իրենց աշխատանքի համար։ Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է ոչ միայն այս ձերբակալություններով, այլև Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների դեմ աճող ճնշումներով»,- ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:
Վերջինս Ադրբեջանի իշխանություններին նաև կոչ է արել հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները և կատարել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը միանալու ժամանակ ստանձնած պարտավորությունները:
Նշեք՝ ձերբակալված անձանցից երկուսն այս շաբաթ պետք է Վաշինգտոնում պարգևատրվեին Պետքարտուղարության «Մարդու իրավունքների պաշտպան» մրցանակով։
Նրանցից մեկը Ռուֆատ Սաֆարովն է՝ քաղաքական դրդապատճառներով իրականացվող ձերբակալությունները և հետապնդումները, ինչպես նաև մարդկանց խոշտանգումների մասին հաղորդումներն արձանագրող Defense Line կազմակերպության համահիմնադիրը, որը ձերբակալվել է դեկտեմբերի 3-ին՝ ԱՄՆ մեկնելուց մի քանի օր առաջ։
Մյուսն Abzas Media-ի գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգիզին է, որն իր թիմի հետ միասին նյութեր է հրապարակել կառավարության պաշտոնյաների կողմից վերահսկվող ընկերություններում անօրինական տենդերների մասին։ Նա ձերբակալված է 2023 թ. նոյեմբերից և հեռակա կարգով արժանացել է Պետքարտուղարի 2024 թ. «Կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներ» մրցանակին։