Պուտինը հայտարարել է՝ պատրաստ չէ խաղաղության պայմանագիր ստորագրել Զելենսկիի հետ


Պուտինը հայտարարել է՝ պատրաստ չէ խաղաղության պայմանագիր ստորագրել Զելենսկիի հետ

  • 29-01-2025 13:29:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ չէ խաղաղության պայմանագիր ստորագրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Պուտինը Զելենսկիին կրկին անվանել է «ոչ լեգիտիմ»՝ հասկացնելով, որ Ուկրաինայում իշխանության օրինական մարմին է համարում միայն Գերագույն Ռադան։
 
«Կարող ես բանակցել ցանկացածի հետ, միայն իր ոչ լեգիտիմության պատճառով նա [Զելենսկին] իրավունք չունի որևէ բան ստորագրելու։ Եթե նա ցանկանա մասնակցել բանակցություններին, ես կնշանակեմ մարդկանց, ովքեր կվարեն այդ բանակցությունները»,- հունվարի 28-ին ասել է Պուտինը Россия 1 հեռուստաալիքին։
 
Պուտինի խոսքով՝ եթե արևմտյան երկրները դադարեցնեն ֆինանսական և ռազմական աջակցությունը Ուկրաինային, ապա հակամարտությունը կավարտվի երկու ամսվա ընթացքում։
 
Ռուսաստանի նախագահն ասել է, որ 2022 թվականի գարնանը պատրաստ է եղել Զելենսկու հետ անձնական հանդիպման և «համապատասխան ազդանշաններ է ուղարկել» ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին։
 
Զելենսկու լիազորությունների ժամկետը լրացել է անցյալ տարվա մայիսին։ Ռուսական կողմը դա պարբերաբար օգտագործում է ոչ լեգիտիմության պնդումներ անելու համար։ Կիևը որոշել է, որ Զելենսկին պատերազմի ժամանակ կմնա պետության ղեկավար, քանի որ պատերազմի ընթացքում անհնար կլինի ընտրություններ անցկացնել Ուկրաինայի տարածքում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը