«Կանայք մեր ծրագրերի սիրտն ու հոգին են»


 

«Կանայք մեր ծրագրերի սիրտն ու հոգին են»

  • 07-04-2011 21:10:37   | Հայաստան  |  Վերլուծություն
 «Օքսֆամ Մեծ Բրիտանիա» միջազգային կազմակերպության եւ «Հույսի կամուրջ» հայաստանյան հասարակական կազմակերպության աջակցությամբ Սիրահարների այգում ապրիլի 7-ին մայրության եւ գեղեցկության տոնին ընդառաջ, Օքսֆամ հայաստանյան գասենյակը կազմակերպել էր միջոցառում «Կանայք մեր ծրագրերի սիրտն ու հոգին են» թեմայով: Միջոցառման հիմնական նպատակն էր ներկայացնել կանանց, որոնք նպաստում են գենդերային հավասարությանը եւ նրանց տնտեսական, սոցիալական, քաղաքացիական իրավունքների խթանմանը, հատկապես հեռավոր գյուղական համայնքներում: Օքսֆամի հայաստանյան մասնաճյուղի ծրագրերում շեշտվում է գենդերային հավասարության սկզբունքը: Միջոցառման ընթացքում նախ հրավրված շահառու կանայք պատմեցին Օքսֆամ ՄԲ հայաստանյան գրասենյակի ծրագրերի ազդեցության ու շահառու համայնքներում կանանց կյանքում կատարված փոփոխությունների մասին, ապա Օքսֆամ ՄԲ հայաստանյան գրասենյակի շահառու համայնքների ներկայացուցիչների ձեռքի աշխատանքների, գյուղական համայնքների բնակիչների ֆոտոաշխատանքների «Երեք սերնդի կանայք» խորագրով ցուցահանդես: Միջոցառմանը ներկա Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը նշեց, որ ոչ մի պետոււթյուն չի կարող անտեսել իր բնակչության ավելի քան 50 տոկոսի կարծիքը: «Պետք է վերացնել ընտանեկան բռնության , կանանց նկատմամբ ճնշումների ու նրանց իրավունքների անհավասարության կարծրատիպը»,- ասաց Չ. Լոնսդեյլը միաժամանակ նշելով, որ հատկապես գյուղական վայրերում բնակվող կանայք , չպետք է իրենց պիտանի զգան միայն տանը: Ըստ դեսպանի, կանանց դերն ու նշանակությունը պետք է մեծ լինի եւ հասարակական քաղաքական կյանքում: Հիշեցնենք, որ կանանց միամսյակի կապակցությամբ «Օքսֆամ Մեծ Բրիտանիա» միջազգային կազմակերպության եւ «Հույսի կամուրջ» հայաստանյան հասարակական կազմակերպության աջակցությամբ մարտի 9-ին Իջեւան քաղաքում անցկացվեց քայլերթ, որին մասնակցում էին «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջեւանի երեխայի զարգացման կենտրոնը, Երիտասարդ առաջնորդների շահերի պաշտպանության խմբի Դիլիջանի, Իջեւանի, Նոյեմբերյանի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Իջեւանի թիվ 5 դպրոցի սաներն ու «SOS» մանկական գյուղի երեխաները: Քայլերթի մեկնարկը տրվեց Իջեւան քաղաքի Բիզնեսի եւ տուրիզմի տեղեկատվական կենտրոնից, որի ժամանակ երթի մասնակիցները հաճելի անակնկալ մատուցեցին քաղաքի կանանց եւ աղջիկներին` նվիրելով երեխաների ձեռքերով պատրաստված բացիկ-շնորհանդեսներ, իսկ տղամարդկանց կոչ-թերթիկներ, որոնցում մասնավորապես նշված էր. «Համախմբվենք հանուն կանանց իրավահավասարության եւ շահերի պաշտպանության, նրանց նկատմամբ խտրականությունների, բռնության վերացման, քանզի կանանց իրավունքների ոտնահարումները վնասում են ոչ միայն առանձին անհատներին, այլ խարխլում են ընտանքի, համայնքի, ազգի միասնության,անվտանգության ու զարգացման հիմքերը: Քայլերթն ուղեկցվում էր «Հանուն կանանց իրավունքների պաշտպանության», «Պաշտպանենք գենդերային իրավունքը», « Ոչ գենդերային խտրականությանը Հայաստանում» պաստառներով ու փուչիկներով: Տոնակատարության ավարտին Բիզնեսի եւ տուրիզմի տեղեկատվական կենտրոնում բացվեց օրվա խորհրդին նվիրված լուսանկարչական ցուցահանդես , որին ներկայացված էին 21 մասնակիցների 127 աշխատանքները: Կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված ակցիայի ավարտին մասնակիցներն անցկացրեցին կլոր սեղան , ուր կրկին քննարկման թեման մարդու իրավունքներն ու պարտականություններն էին, ինչպես նաեւ կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը: Նշենք, որ «Օքսֆամ Մեծ Բրիտանիա» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը սկսած 1994 թվականից , Հայաստանում իրականացնում է մարդասիրական ու համայնքների զարգացման տարաբնույթ ծրագրեր ծուրջ 165 հեռավոր գյուղական համայնքներում` սերտ համագործակցելով տասնյակից ավելի տեղական հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ու մարզային իշխանությունների հետ: Կազմակերպության առաքելությունն է ` աղքատության կրճատում եւ մարդկային տառապանքի վերացում:
Նոյյան տապան  -   Վերլուծություն