Իրանը շուտով Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ին կփոխանցի իր պատասխան առաջարկը


Իրանը շուտով Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ին կփոխանցի իր պատասխան առաջարկը

  • 09-06-2025 14:45:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Իրանն Օմանի միջնորդությամբ շուտով Միացյալ Նահանգներին կփոխանցի իր պատասխան առաջարկը միջուկային համաձայնագրի վերաբերյալ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղեին:
 
Թեհրանի առաջարկն ի պատասխան ԱՄՆ առաջարկի է, որը Իրանն «անընդունելի» է որակում։
 
Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ Թեհրանը բացասական պատասխան է պատրաստում ԱՄՆ-ի մայիսի վերջին ներկայացրած առաջարկին։ Իրանի դիվանագետներից մեկն ասել էր, որ ամերիկյան առաջարկը չի լուծում երեք հիմնական հարց՝ ուրանի հարստացումը Իրանի տարածքում, բարձր հարստացված ուրանի պաշարների արտահանումը երկրի սահմաններից դուրս, ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման կոնկրետ քայլերը։
 
«ԱՄՆ-ի առաջարկը մեզ համար ընդունելի չէ։ Այն չի հանդիսանում նախորդ բանակցությունների արդյունք։ Մենք մեր առաջարկը կհանձնենք մյուս կողմին Օմանի միջոցով՝ այն ավարտին հասցնելուց հետո։ Այդ առաջարկը հիմնավոր է, տրամաբանական և հավասարակշռված», - հայտարարել է Բաղեին։
 
Անցյալ շաբաթ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մերժել էր ԱՄՆ-ի առաջարկը՝ այն որակելով Իրանի շահերին հակասող, և հայտարարել էր, որ Իրանը շարունակելու է ուրանի հարստացման գործընթացը։
 
Վաշինգտոնն ու Թեհրանը արդեն հինգ փուլ բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թրամփի նախագահ դառնալուց ի վեր։ ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանը պետք է լիովին դադարեցնի հարստացման բոլոր գործողությունները:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը