Եվրոպական խորհրդարանը պատրաստվում է քվեարկել Եվրահանձնաժողովի նախագահին անվստահություն հայտնելու հարցով


 

Եվրոպական խորհրդարանը պատրաստվում է քվեարկել Եվրահանձնաժողովի նախագահին անվստահություն հայտնելու հարցով

  • 06-10-2025 19:58:33   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կրկին բախվում է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացվելու փորձերին՝ գրում է Euronews-ը։ Ֆոն դեր Լայենին ներկայացված անվստահության միանգամից երկու քվեի քննարկումն ու քվեարկությունը Եվրախորհրդարանը կանցկացնի հոկտեմբերի 6-9-ը կայանալիք լիագումար նիստում: Քննարկումը կսկսվի երկուշաբթի, իսկ քվեարկությունը՝ հինգշաբթի:
 
Եվրահանձնաժողովի նախագահի նկատմամբ անվստահության քվե են ներկայացրել «Եվրոպայի հայրենասերներ» և «Ձախեր» կուսակցությունները։
 
Թեև, ըստ վերլուծաբանների, ծայրահեղ ձախերի և ծայրահեղ աջերի նախաձեռնած առաջարկները դատապարտված են ձախողման, այնուամենայնիվ, դրանք նոր մարտահրավեր են Ֆոն դեր Լայենի պաշտոնավարման ու ղեկավարման ոճին։
 
Երկու հայտերին միավորում է բացասական արձագանքը ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին և եվրոպացի արտահանողներին պարտադրված խիստ անբարենպաստ պայմաններին։ Խիստ քննադատության է ենթարկվել նաև Բրյուսելի խոստումը՝ 750 միլիարդ եվրո ծախսել ամերիկյան էներգակիրներ գնելու համար և 600 միլիարդ եվրո ներդնել ամերիկյան շուկայում։
 
Վերջերս անցկացված հարցման արդյունքում հարցվածների 52%-ը համաձայնագիրն անվանել է Եվրոպայի համար նվաստացուցիչ։
 
Ֆոն դեր Լայենն ընդունել է, որ համաձայնագիրը «անկատար» է, բայց նաև պնդել է, որ այն բավականաչափ «ամուր» է առևտրային ճգնաժամին դիմակայելու համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը