Գալստանյանի և մյուսների գործով անցնող Տիգրան Գալստյանի կալանքը կփոխարինվի վարչական վերահսկողությամբ ու հեռանալու արգելքով


 

Գալստանյանի և մյուսների գործով անցնող Տիգրան Գալստյանի կալանքը կփոխարինվի վարչական վերահսկողությամբ ու հեռանալու արգելքով

  • 13-11-2025 16:01:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Նոյեմբերի 25-ին ավարտվում է Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հինգ ամիս առաջ կալանավորված գործարար Տիգրան Գալստյանի կալանքի ժամկետը։ Նրան կալանքից կազատեն և կիրառեն վարչական վերահսկողություն ու հեռանալու արգելք։ Այդ որոշումը դատարանն ընդունեց՝ հաշվի առնելով գործարարի առողջական վիճակի մասին պաշտպանի ներկայացրած փաստաթղթերը:
 
Հասարակության և պետության անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Տիգրան Գալստյանը դատական նիստերին մասնակցում է անվասայլակով: Նրա պաշտպանը հայտնեց, որ բանտում գտնվելու միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Գալստյանին երկու անգամ տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով: Պաշտպանը ներկայացրեց բժշկական փաստաթղթեր, ըստ որոնց՝ Գալստյանը ողնաշարի ճողվածք ունի, կալանքից առաջ եղած առողջական վիճակը բանտային պայմաններում վատթարացել է:
 
«Կյանքին սպառնացող վտանգ չկա, բայց առողջական վիճակը գնալով վատանում է, հենաշարժողական համակարգը՝ թուլանում», - պնդեց փաստաբանը:
 
Մեղադրող դատախազը միջնորդեց գործարարի նկատմամբ տնային կալանք կիրառել, բայց դատարանը որոշեց վարչական հսկողություն սահմանել՝ հաշվի առնելով, որ Տիգրան Գալստյանը բժշկական հետազոտությունների կարիք է ունենալու և հաճախ տնից դուրս գալու անհրաժեշտություն կունենա:
 
Այժմ դատարանը քննում է նաև մյուս ամբաստանյալների խափանման միջոցի հարցը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը