1in.am Վաշինգտոնը Մոսկվային արդեն ներկայացրել է Ժնևում Ուկրաինայի պատվիրակության հետ քննարկումների արդյունքում «խմբագրված»՝ կարգավորման ծրագիրը: Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը եւ հավելել, որ «խոսակցությունը տեղի կունենա եկող շաբաթ»: Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը մամուլին ասել է, որ «ամերիկյան պատվիրակության Մոսկվա այցի ժամանակացույցը համաձայնեցված է»:
Ուկրաինացի բլոգեր Նիկոլայ Սուխովսկին, հղելով «իրազեկ աղբյուրների», ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը «տրոհվել է երկու թեւի՝ «ճուռակների» և պրագմատիկների»: Ըստ նրա, «ճուռակների ճամբարը գլխավորում է Անվտանգության դաշնային ծառայության նախկին պետ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Պատրուշևը»: Նրանք դեմ են ուկրաինական կարգավորման «խմբագրված տարբերակին»:
Ովքեր են աջակցում Պատրուշևին կամ «պրագմատիկների» պարագլուխն ով է,- այդ մասին ուկրաինացի բլոգերը ոչինչ չի ասում: Անշուշտ, մեծ է հավանականությունը, որ նա պարզապես հակառակորդի նկատմամբ տեղեկատվա-քարոզչական գրոհ է իրականացնում և միաժամանակ հոգեբանական ազդեցության ենթարկում Ուկրաինայի հանրությանը, բայց ամեն դեպքում Ռուսաստանից բավական ուշագրավ ազդակ հղել է նախկին վարչապետ, Արտաքին հետախուզության ծառայության նախկին տնօրեն Ստեպաշինը:
ՏԱՍՍ պետական գործակալությանը տված կարճ հարցազրույցում նա այն տեսակետն է հայտնել, որ «ապագայում Օդեսա և Նիկոլաև քաղաքները կամավոր կմիավորվեն Ռուսաստանին»: Հարցին, թե դա ե՞րբ կարող է տեղի ունենալ, Ստեպաշինը բազմանշանակ պատասխանել է. «Երկրորդ փուլում»: Ստեպաշինը փաստացի բացահայտել է, որ եթե անգամ Ուկրաինան ընդունի կարգավորման ամերիկյան ծրագիրը, և կողմերը զինադադարի ու քաղաքական մասնակի կարգավորման պայմանագիր ստորագրեն, ապա Ռուսաստանը, միևնույն է, կհամարի, որ իր գլխավոր խնդիրը լուծված չէ:
Շատ փորձագետներ դեռևս պատերազմի առաջի ամիսներին են կանխատեսել, որ Ռուսաստանի ռազմավարական գերնպատակն Ուկրաինայի դեպի Սև ծով ելքի արգելափակումն է: Առանձնահատուկ կարեւորություն այս ծրագրում տրվում է Օդեսայի «ազատագրմանը», ինչը հնարավորություն կտա կենդանի կապ հաստատել Մերձդնեստրի հետ և Մոլդովան «փրկել Ռումինիայի ճիրաններից»: Սենսացիոն հայտարարություն չանելու համար Ստեպաշինը չափազանց փորձառու և, ամենայն հավանականությամբ, իրազեկված գործիչ է: Եվ եթե նա թույլ է տվել կանխատեսել, որ Օդեսան և Նիկոլաևը «կամավոր կմիավորվեն Ռուսաստանին», պետք է եզրակացնել, որ Ուկրաինան Սև ծովից կտրելու ռազմավարական նպատակը մնում է ուժի մեջ:
Խնդիրն այն է, թե երբ կսկսվի ուկրաինական պատերազմի երկրորդ փուլը կամ առհասարակ դրա կարիքը կզգացվի՞, թե Պուտինը չի ընդունի Թրամփի ծրագիրը և, ինչպես Բիշքեկում է հայտարարել, «առաջադրված նպատակներին կհասնի ռազմական ճանապարհո՞վ»: Եկող շաբաթն, ըստ այդմ, Ուկրաինայի և Եվրոպայի ու Սևծովյան-Կասպյան ավազանի երկրների համար կարող է վճռորոշ լինել: