Գրենլանդիան պետք է մնա Դանիայի ինքնիշխանության ներքո. Մակրոն


 

Գրենլանդիան պետք է մնա Դանիայի ինքնիշխանության ներքո. Մակրոն

  • 07-01-2026 12:05:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է մնա Դանիայի ինքնիշխանության ներքո։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է France 2 հեռուստաալիքի հետ հարցազրույցում: «Գրենլանդիան տարածք է, որը գտնվում է Դանիայի ինքնիշխանության ներքո: Այն այդպես էլ կմնա», - ասել է նա։Մակրոնը բացառել է այն սցենարը, «որի դեպքում Միացյալ Նահանգները կհայտնվի Դանիայի ինքնիշխանությունը խախտելու իրավիճակում»։

Հունվարի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի Արկտիկայի տարածաշրջանը մեծ առաջնահերթություն է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի համար։ Նրանք շեշտել էին, որ Դանիայի Թագավորությունը, այդ թվում՝ Գրենլանդիան, ՆԱՏՕ-ի մաս է։

Ղեկավարները կարևորել էին ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից Արկտիկայում անվտանգության հավաքական պահպանումը՝ հետևելով ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին, այդ թվում՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության։«Սրանք համընդհանուր սկզբունքներ են, և մենք չենք դադարի պաշտպանել դրանք…. Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին։

Դանիան և Գրենլանդիան և միայն նրանք պետք է որոշեն Դանիայի և Գրենլանդիայի հետ կապված հարցերը», - նշված է հայտարարության մեջ։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս անդրադարձել է Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու թեմային։Գրենլանդիան Դանիայի կազմի մեջ է մտնում ինքնավար տարածքի իրավունքներով։ 1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենը, ի լրումն ՆԱՏՕ-ի գծով դաշնակցային պարտավորությունների, ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության պայմանագիր։ Դրա համաձայն՝ Միացյալ Նահանգները պարտավորություն է ստանձնել կղզին պաշտպանել հնարավոր ագրեսիայից։

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը