Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունում իրականացվել են տեխնիկական հագեցման ու արդիականացման ծրագրեր


 

Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունում իրականացվել են տեխնիկական հագեցման ու արդիականացման ծրագրեր

  • 07-01-2026 15:30:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայություն, որտեղ իրականացվել են տեխնիկական հագեցման ու արդիականացման ծրագրեր: 
 
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ վարչապետը շրջել է «Շտապբուժօգնություն» ծառայությունում, ծանոթացել իրականացված ներդրումներին ու բարեփոխումներին:
 
Նշվել է, որ շարժակազմը համալրվել է ժամանակակից և գերհագեցած շտապ բուժօգնության 7 նոր ավտոմեքենաներով, որոնցից 6-ը գծային մեքենաներ են և 1-ը ռեանիմոբիլ: Նոր ավտոմեքենաները հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով և հնարավորություն են տալիս շտապ բուժօգնության անձնակազմին առավել արագ և արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին՝ բարձրացնելով բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը: Ընդգծվել է, որ 2026 թվականին նախատեսվում է ձեռք բերել ևս 7-10 ավտոմեքենա՝ ավտոպարկի փուլային և ամբողջական թարմացման, ինչպես նաև ծառայության կայուն և անխափան աշխատանքի ապահովման նպատակով: 
 
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է նաև հեռախոսազանգերի կենտրոնի գործունեությունը: Նշվել է, որ իրականացվել են թվայնացմանն ուղղված աշխատանքներ: Մասնավորապես՝ կանչերի գրանցումն իրականացվում է պլանշետների միջոցով, ներդրվել է նույնականացման համակարգ և իրականացվում է բուժառուների էլեկտրոնային գրանցում:   «1-03» ծառայության արդիականացման շրջանակում զանգերի ձայնագրման և մոնիտորինգի շնորհիվ բաց թողնված զանգերի թիվը հասցվել է զրոյի: Ընդգծվել է, որ համակարգը սպասարկում է ոչ միայն Երևանի տարածքի, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետության «1-03» համարին մուտքագրված զանգերը՝ ապահովելով դրանց կենտրոնացված կոորդինացումը: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն