Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի վարույթով ձերբակալվել է Միքայել Մարգարյանը
28-03-2026 10:35:49 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առիթով քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է Միքայել Մարգարյանը։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։ Միքայել Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը):
ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել: