Ծովային շրջանում հարաբերական զսպվածություն է. Շահան Գանտահարյան


 

Ծովային շրջանում հարաբերական զսպվածություն է. Շահան Գանտահարյան

  • 12-05-2026 11:06:32   | Լիբանան  |  Մեկնաբանություն

 
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին «Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։ 
 
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ինչպե՞ս կբնութագրեք։
 
 Տարածաշրջանի վրա այսօր այնպիսի քաղաքական մշուշ է պատել, որ իրադարձությունների ընթացքը դժվար է հստակ գնահատել։ Նույն օրվա ընթացքում Վաշինգտոնից հնչում են ոչ միայն տարբեր, այլ նույնիսկ իրար հակասող հայտարարություններ։ Մի պահ հայտարարվում է, թե պատերազմն ավարտված է, ապա խոսվում է հիմնարար համաձայնության մոտ լինելու մասին, իսկ դրանից անմիջապես հետո կրկին շրջանառվում են Իրանի դեմ կոշտ սպառնալիքներ։ Միևնույն ժամանակ շարունակվում են Թեհրան–Իսլամաբադ–Վաշինգտոն ուղղությամբ դիվանագիտական շփումներն ու փոխադարձ այցելությունները։ Այժմ էլ Վաշինգտոնը դժգոհություն է հայտնում իրանական վերջին առաջարկից։
 
Իսկ ռազմական հարթակում ի՞նչ պատկեր է նկատվում։
 
Ռազմական դաշտում ևս նույն անորոշությունն է։ Նավագնացությունը մեկ թույլատրվում է, մեկ՝ սահմանափակվում, հարձակումներ են իրականացվում ռազմական նավերի ուղղությամբ։ Հորմուզի նեղուցը ժամանակավորապես բացվում է, հետո կրկին սահմանափակվում։ Զուգահեռաբար խոսվում է ծովային շրջափակումը վերացնելու հնարավոր առաջարկների, երբեմն՝ Հորմուզի միջազգային կառավարման, երբեմն էլ՝ Իրան–ԱՄՆ նոր պայմանավորվածությունների մասին։
 
Այս զարգացումները ի՞նչ են հուշում։
 
 Այս «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» քաղաքականությունը, լավատեսության և հոռետեսության հերթափոխը ցույց են տալիս, որ ձևավորվում է կիսապատերազմական կամ կիսազինադադարի իրավիճակ։ Կարծում եմ՝ կողմերը փորձում են նախապատրաստել ապագա գործարքը կամ ընդհանուր համաձայնությունը՝ մինչ այդ առավել շահավետ դիրքեր ապահովելով իրենց համար։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ լայնածավալ պատերազմը դեռևս փորձում են կանխել։ Թեև սպառնալիքները շարունակվում են, իրական գործողությունները հիմնականում սահմանափակ բնույթ ունեն։
 
Ի՞նչ նշանակություն ունի ծովային ճակատում հարաբերական զսպվածությունը։
 
 Ծովային բախումների մասնակի բնույթը և դրանց չընդլայնվելը վկայում են, որ կողմերը մեծ հաշվով չեն ցանկանում ամբողջությամբ խախտել զինադադարը։ Իրանի համար առաջնային խնդիր է նավթարդյունաբերության շարունակականությունը, որովհետև ծովային շրջափակումը ծանր հարված է հասցրել տնտեսությանը։ Ապաշրջափակումը Թեհրանի համար կենսական նշանակություն ունի։
Մյուս կողմից, Վաշինգտոնի համար կարևոր է վառելիքի գների նվազեցումը՝ հատկապես ամերիկյան միջանկյալ ընտրություններից առաջ։ Բացի այդ, չպետք է անտեսել նաև նախագահ Թրամփի սպասվող այցը Չինաստան։ Իրանի հետ որոշ համաձայնություններով և Հորմուզի հարցում որոշակի առավելություններով Պեկին մեկնելը կարևոր քաղաքական գործոն է ԱՄՆ-ի համար։
 
Այս ընդհանուր իրավիճակում Լիբանանը որտե՞ղ է գտնվում։
 
 Լիբանանի ուղղությամբ զինադադարը փաստացի չի պահպանվում։ Իսրայելը շարունակում է ընդարձակել իր վերահսկողության գոտին և հարավից պարբերաբար հարվածներ հասցնել նաև երկրի այլ հատվածների։ Իսրայելը հասկանում է, որ ի վերջո ինչ-որ համաձայնություն կնքվելու է, և մինչ այդ փորձում է հնարավորինս արագ իրականացնել իր ռազմաքաղաքական նպատակները։
 
Ի՞նչ մտահոգություններ ունի Իսրայելը առաջարկվող համաձայնության շուրջ։
 
 Իսրայելցի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ ԱՄՆ–Իրան առաջարկվող համաձայնությունը կարող է «փրկօղակ» դառնալ իրանական վարչակարգի համար և միաժամանակ պահպանել Իրանի հրթիռային ներուժը։ Նա նաև նշել է, որ նման համաձայնությունը կարող է սահմանափակել Լիբանանում իսրայելական բանակի գործողությունների ազատությունը։ Սա ցույց է տալիս, որ Իսրայելում կա ակնհայտ անհանգստություն և շտապողականություն՝ մինչև վերջնական համաձայնությունը որոշ հարցեր լուծելու ուղղությամբ։
 
Իսկ Բեյրութ–Թել Ավիվ հնարավոր ուղիղ բանակցությունների շուրջ ի՞նչ իրավիճակ է։
 
Այդ թեման շարունակում է մշուշոտ մնալ և լարված պահել լիբանանյան քաղաքական դաշտն ու հասարակությանը։ Ընդհանուր առմամբ, ներկայիս ձգձգումները, սահմանափակ գործողությունները և հարաբերական զինադադարը վկայում են, որ գործընթացը ժամանակավոր փուլում է և ունի որոշակի ժամկետ։
 
Այս պայմաններում ի՞նչ պետք է պահանջի Լիբանանը։
 
Բեյրութը լիարժեք իրավունք ունի՝ նախքան որևէ բանակցության մեկնարկը և մինչև Վաշինգտոն բանագնաց ուղարկելը, պահանջելու, որ Իսրայելը դադարեցնի բոլոր ռազմական գործողությունները և դուրս բերի իր ուժերը Լիբանանի տարածքային ամբողջականությունը խախտող շրջաններից։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն