Արմեն Հարությունյան. «Հասարակությունը չի կարող բաղկացած<br /> լինեն միայն իրավունք կամ միայն պարտականություն ունեցողներից»<br />


 

Արմեն Հարությունյան. «Հասարակությունը չի կարող բաղկացած
լինեն միայն իրավունք կամ միայն պարտականություն ունեցողներից»

  • 25-02-2010 18:00:00   | Հայաստան  |  Իրավունք
 ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Կարեւոր չէ, ճիշտ են գազի սակագների ավելացման հաշվարկները, թե ոչ: Կարեւորն այն է, որ շարքային քաղաքացին անպաշտպան է, խաթարված է սոցիալական արդարության սկզբունքը, քանի որ քաղաքացու համար անհնարին է դառնում սոցիալական բեռը»,- փետրվարի 25-ի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Ըստ նրա, հարցը գլոբալ իմաստով ի վերջո հանգում է մենաշնորհային տնտեսության խնդրին. գոյություն չունեն շուկայական հարաբերություներ, այլ գոյություն ունեն Սահմանադրությանը հակասող ոչ բնական մենաշնորհներ, որոնք ըստ էության ոչնչացնում են միջին եւ փոքր ձեռնարկատիրությունը: Ա.Հարությունյանն ընդգծեց, որ միջին բիզնեսի ներկայացուցիչներից սկսել է բազմաթիվ բողոքներ ստանալ, թե խոշոր բիզնեսը այնպիսի պայմաններ է ստեղծում, որ հնարավոր չէ աշխատել: «Մարդկանց նորմալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն տրված չէ, որպեսզի նրանք էլ վաստակեին, եւ այդ դեպքում սոցիալական բեռը այդքան ծանր չէր լինի»,- ասաց Ա.Հարությունյանը: Պաշտպանը կոչ է անում կառավարությանը գազի թանկացման դեպքում սոցիալական փաթեթ մշակել բնակչության անապահով խավերի համար: Անդրադառնալով «Մարդու օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում 2009թ.-ին կատարված փոփոխությանը, ըստ որի քաղաքացին պետք է տեղյակ լինի, որ առանց իրեն հարցնելու կարող են իր օրգանները օգտագործել, նախօրոք գրավոր պետք է հայտարարի, որ արգելում է իր օրգանները օգտագործել, Ա.Հարությունյանն այն որակեց ոչ միայն որպես հակասահմանադրական, այլեւ` որպես զավեշտի հասնող օրենք: «Սահմանադրությունը մեր իրականության հետ գնալով ավելի ու ավելի կապ չունի»,- հայտարարեց Ա.Հարությունյանը, հավելելով. «Եթե այսպես շարունակվի, 15-20 տարի հետո կարելի կլինի խոսել ոչ թե Հայաստանի հանրապետության, այլ Հայաստանի ռեզերվացիայի մասին, ոչ թե ՀՀ Սահմանադրության, այլ Հայաստանի ռեզերվացիայի ներքին կանոնների մասին»: Նա նշեց, որ պետական կառույցները պետք է մտածեն այդ ամենի դեմն առնելու մասին, քանի որ «հասարակությունը չի կարող բաղկացած լինեն միայն իրավունք կամ միայն պարտականություն ունեցողներից»:
Նոյյան տապան  -   Իրավունք