Ի՞նչ կլինի, եթե ԲՀԿ-ն չանցնի խորհրդարան․ ՀՀ արդարադատության նախկին նախարարը պարզաբանում է
08-06-2026 13:53:26 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Արփինե Հովհաննիսյանը շեշտում է՝ եթե ընդդիմությունը մանդատները չի վերցնում, ԱԺ ձևավորվում է, ոչ մի այլ ուժի չեն փոխանցվում չվերցրած մանդատները:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքներով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարում խորհրդարանի անցողիկ շեմը, ստացվում է՝ խորհրդարան է անցնում 3 քաղաքական ուժ։
ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում վերլուծել է ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքներն ու ներկայացրել՝ ինչպիսի պատկեր կունենանք դրա արդյունքում։
Քիչ առաջ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց երեկ կայացած ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 49, 825% ձայն, «Ուժեղ Հայաստանը»՝ 23,281%, «Հայաստան» դաշինքը՝ 9, 934%, «Բարգավաճ Հայաստանը» 3,996% ձայն։
Բանաձևերի կիրառման արդյունքում (ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատների բաշխում և ձայների փոշիացում) ԱԺ-ում մանդատները կբաշխվեն հետևյալ տեսքով․
«Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա ձևավորում է կառավարություն և ընտրում վարչապետ։ Միաժամանակ, այն ապահովում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի մեծամասնությունը( 3/5) , ինչը հնարավորություն է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ և ընտրել մի շարք կարևոր պաշտոնատար անձանց։ Սակայն այն չի ապահովում պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի աջակցությունը, հետևաբար չունի Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը»,- գրում է Հովհաննիսյանը։
Այսպիսով, ՔՊ-ին պակասում է 6 ձայն:
Ի դեպ, Արփինե Հովհաննիսյանն անդրադառնում է նաև հաճախ քննարկվող հարցին՝ ինչ կլինի, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները։ Հովհաննիսյանը շեշտում է՝ միևնույն է, ԱԺ կձևավորվի, ու ոչ մի այլ ուժի չեն փոխանցվում չվերցրած մանդատները:
Միաժամանակ, Արփինե Հովհաննիսյանը դիմել է ընդդիմադիր ուժերին՝ հորդորելով կենտրոնանալ ցուցակների ամրության և խորհրդարան անցնող պատգամավորների քաղաքական հուսալիության վրա։ Շեշտում է՝ խնդիրը միայն այն չէ, թե մանդատներն այսօր ինչպես կբաշխվեն, այլ թե վաղն այդ նույն մանդատներն ու քվեները որքանով են պահպանելու իրենց քաղաքական պատկանելությունն ու դիրքորոշումը։