Հայաստանը «չորրորդը» կդառնա՞


 

Հայաստանը «չորրորդը» կդառնա՞

  • 08-06-2026 18:26:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am  Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, անկասկած, ունեն ոչ միայն, թերևս՝ ոչ այնքան ներքին, որքան որ տարածաշրջանային կարևորություն։ Հունիսի 7-ի քվեարկության արդյունքների հաշվարկին գրեթե համաժամանկյա Իրանը և Իսրայելը հրթիռային հարվածներ են փոխանակել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել փոխադարձ հարվածները, բայց չկա երաշխիք, որ տեղի կունենա հակառակը, և լայնածավալ պատերազմը կվերսկսվի։ Ուշագրավ է, որ իրանա-իսրայելական լարվածությանը նախորդել է ամերիկյան CNN-ի տեղեկատվական արտահոսքը, ըստ որի Իսրայելը «Ադրբեջանի հարավային շրջաններում «կոմանդո» ուժեր է տեղաբաշխել, որպեսզի օգտագործի Իրանի դեմ պատերազմում»։
 
Նախորդ օրերին դիվանագիտական սուր «փոխհրաձգություն» է արձանագրվել Թուրքիայի և Իսրայելի միջև։ Հանդես գալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տեղական կառույցներից մեկի ժողովում, Թուրքիայի ներքին գործերի նախարար Չիֆթչին հայտարարել է, որ «ինչպես մենք տեսել ենք Դամասկոսի, Հալեպի և Ղարաբաղի ազատագրումը, եթե Աստված կամենա, այդպես էլ մի օր կտեսնենք Երուսաղեմի ազատագրումը»։ Չիֆթչին անկեղծացել է, որ երբ իրեն նշանակել են Էրզրումի նահանգապետ, աղոթել է «գեթ մի օրով Երուսաղեմի նահանգապետ լինելու համար»։
 
Իսրայելի պաշտպանության նախարար Կացը հակադարձել է, որ Երուսաղեմը «Երուսաղեմը երեք հազար տարի եղել է հրեա ժողովրդի մայրաքաղաքը և հավիտյանս կման Իսրայելի մայրաքաղաք։ Իսրայելը ուժեղ պետություն է և բազմիցս ապացուցել է, որ կարողանում է իրեն պաշտպանել ցանկացած սպառնալիքից»։ Turkiye պարբերականի փոխանցմամբ, Չիֆթչին իր հերթին հակադարձել է և հավաստիացրել, որ Թուրքիան «մշտապես սրտում կպահի Երուսաղեմի ազատության հարցը»։
 
Գործ ունենք արդեն ոչ թե փորձագիտական կամ հանգստի կոչված դիվանագետների «հեռակա բանավեճի», այլ երկու հավակնոտ երկրի ուժային կառույցների ղեկավարների միջեւ բացահայտ սպռանալիքի փոխանակման հետ, ինչը վկայում է, որ, ինչպես իսրայելա-իրանական, այնպես էլ թուրք-իսրայելական լարվածությունը Միացյալ Նահանգների «կառավարելիությունից դուրս է գալիս»։ Խնդիրը չափազանց զգայուն է նրանով, որ Ադրբեջանը ռազմավարական դաշնակցությամբ կապված է Թուրքիայի հետ, բայց միաժամանակ սերտ կապեր ունի Իսրայելի հետ։
 
Եթե հավելենք, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները նույնպես բարդ են, ապա հարկ կլինի առնվազն անհանգստություն հայտնել, թե Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացման ընթացքը ի՞նչ խոչընդոտների կարող է բախվել։ Ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը, մեղմ ասած, ՔՊ-ի հաղթանակով «հիացած» չէ։ Բաքվից և Անկարայից առայժմ պաշտոնական արձագանքներ չկան։ Նկատելի լարվում են ռուս-վրացական հարաբերությունները»։ ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը «հույս ունի, որ Վրաստանը կիմանա 3+3 ձևաչափին»։ Իսկ Ստամբուլում հանդիպում են Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Հայաստանը «չորրորդը կդառնա՞»։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը