Մենք ենք, մեր լեռները


 

Մենք ենք, մեր լեռները

  • 17-06-2026 18:07:51   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Բարձր տեխնոլոգիաների նախարարության հովանավորությամբ կազմակերպված RISE 2026 ցուցահանդեսը Բաքվի իշխանական minval politika-ի մեկնաբանին առիթ է տվել, որպեսզի ենթադրի, թե «Հայաստանի իշխանությունների յուրաքանչյուր մանևր ուղեկցվում է խաղաղության օրակարգին հակադիր խորհրդանշական ազդակներով»։ Բանն այն է, որ, ինչպես ադրբեջանցի հեղինակն է ներկայացրել, ցուցահանդեսը կազմակերպվել է We Are Our Mountains – Rising կարգախոսի ներքո։
 
Այստեղ ադրբեջանցի լրագրողը տուրք է տվել երևակայությանը և վարկածել, որ ցուցահանդեսի կազմակերպիչները «գաղտնագրել» են Ստեփանակերտի հայտնի հուշարձանը «կրկին վերադարձնելու ցանկությունը»։ Իսկ դա, ինչպես նա է ձևակերպել, նշանակում է «անջատողականության բորբոքում»։
 
Ստեփանակերտի «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանի շուրջ Ադրբեջանում «քննարկումներ» սկսվել են վերջերս, երբ հայտնի է դարձել, որ ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Եսենտուկի քաղաքի եկեղեցու բակում բացվել է կրկնօրինակը։ Այդ առթիվ անհանգստություն հնչեցնելու առիթ ունեցել ենք, նույնիսկ դիմել ենք Արցախի «ընտրված ներկայացուցիչներին», որպեսզի պահանջեն «հուշարձանի» ապամոնտաժում։ Առայժմ ոչ մի արձագանք չկա։
 
Ինչ վերաբերում է ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցի հրապարակմանը, ապա նրա հեղինակը սխալվում է, երբ «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանը ավանում է «անջատողականության խորհրդանիշ»։ Փաստ է, որ այդ հուշարձանը կառուցվել է Ադր․ ԽՍՀ կառավարության որոշմամբ՝ 1967թ․-ին։ Դա շատ հիշարժան տարեթիվ է նրանով, որ Հեյդար Ալիևը նշանակվել է հանրապետական ՊԱԿ-ի նախագահ։ Եվ եթե «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանը «խորհրդանշեր անջատողականություն», ապա նա, որպես ՊԱԿ-ի նախագահ, կառարկեր։
 
Ստեփանակերտի «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանը ուղղակիորեն կապված է Հեյդար Ալիևի կոմունիստական իշխանության հետ, իսկ այսօր նա Ադրբեջանում պաշտոնապես ունի «համազգային առաջնորդի» կարգավիճակ, իշխանության նրա վերադարձի օրը՝ հունիսի 15-ը, նշվում է որպես «ազգային փրկության» տոն։
 
Այնպես որ, ասել, թե «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը «Ղարաբաղում հայկական անջատողականության խորհրդանիշն» է, նշանակում է Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևին ուղղակի մեղադրել «հայկական անջատողականությունը հովանավորելու» մեջ։
 
Ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցին խորհուրդ կտայինք ձևակերպումներ ընտրելիս առաջնորդվել ոչ թե օրվա կոնյունկտուրայով, այլ՝ պատմա-քաղաքական իրողություններով, որքան էլ որ դրանք «տհաճություն պատճառեն»։ Ստեփանակերտի «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանը միայն մի ճշմարտություն է վկայում․ Լեռնային Ղարաբաղը հայկական հոգևոր-քաղաքակրթական ինքնության տարածք է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը