Գործադիրը ներկայացրել է խաղամոլության կանխմանն ուղղված հերթական նախաձեռնությունը


 

Գործադիրը ներկայացրել է խաղամոլության կանխմանն ուղղված հերթական նախաձեռնությունը

  • 17-06-2026 18:58:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վերջին տարիներին խաղային ոլորտն էական փոփոխություն է կրել: Այժմ հասանելի են ինտերնետ կայքեր, բջջային հավելվածներ, որոնց միջոցով խաղադրույք կատարելն ու ինտերնետ շահումով խաղերին մասնակցելը դարձել է հասանելի եւ մի շարք մարտահրավերներ են առաջացել: Առաջարկվող կարգավորումները կօգնեն առավել արդյունավետ կիրառել գործող սահմանափակումները: Այս մասին հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Գովազդի մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
 
Նշվել է, որ գործող սահմանափակումները պատշաճ կիրառվում են լիցենզավորված օպերատորների կողմից, սակայն ինտերնետ տիրույթում գրեթե չկան սահմանափակումներ, եւ Հայաստանում չլիցենզավորված օնլայն մի շարք խաղատներ իրենց ծառայություններն են առաջարկում եւ մատուցում ՀՀ քաղաքացիներին՝ անգամ հայերենով: Այս առումով գործող կարգավորումներն այդքան էլ արդյունավետ չեն:
 
Առաջարկվում է ներդնել պաշտպանության եռաստիճան համակարգ, որը, ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, ամբողջովին չի վերացնի վտանգը, բայց էականորեն կնվազեցնի հնարավոր սպառնալիքները:
 
ՊԵԿ տիրույթում կստեղծվի ինտերնետային ռեսուրս, որտեղ ամենօրյա ռեժիմով աշխատակիցները կավելացնեն այն կայքերը, որոնք մշտադիտարկման արդյունքում ենթակա են արգելափակման: Դա կարող են տեսնել եւ ստուգել նաեւ այլ շահագրգիռ մարմիններ, այդ թվում՝ լիցենզավորված օպերատորները: Հեռահաղորդակցության կապի օպերատորները նման կայքերն արգելափակելու հնարավորություն կունենան: Հայաստանում կարող են գործել միայն այն կայքերը, որոնք լիզանզավորված են Հայաստանի օրենսդրությամբ, իսկ մնացածը կարգելափակվեն:
 
Երկրորդ պաշտպանության շերտը վճարահաշվարկային համակարգերին է առնչվում: Վճարահաշվարկային համակարգն այսօր էլ սահմանափակումներ կիրառում է, բայց ոչ բավարար չափով: Այժմ առաջարկվում է ավելի համապարփակ արգելափակում:
 
Երրորդ պաշտպանության շերտը գովազդին է վերաբերում: Համաշխարհային գովազդային ծառայություններ մատուցող կազմակերպություններն օրենսդրորեն արգելք կունենան Հայաստանը թիրախավորելու, եթե խոսքը վերաբերում է խաղատների գովազդին:
 
Հարակից զեկույցում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը կարեւորել է խաղամոլության դեմ պայքարը եւ օրենսդրական փաթեթի ընդունումը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն