Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը


 

Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը

  • 18-06-2026 19:30:22   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am  Ռուսաստանում երկօրյա հանդիպումներից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը պատասխանել է Turkiye իշխանամետ պարբերականի թղթակցի հարցերին։ Վերջինս, ի դեպ, այցի ընթացքում, ինչպես ինքն է ձևակերպել, «քայլ առ քայլ հետևել» է նրան և հրապարակայնացրել, որ Ֆիդանը Մոսկվայում «քննարկումներ է ունեցել նաև Ռուսաստանի հատուկ ծառայությունների ղեկավարների հետ»։ Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի, Մոսկվայում ձեռք է բերվել 3+3 ձևաչափով «համագործակցության համաձայնություն, քանի որ եկել է Կովկասում մրցակցությունից համագործակցության անցնելու ժամանակը»։
 
Ֆիդանը գնահատել է, որ Մերձավոր Արևելքում վերջին իրադարձություններից հետո «այդ ընկալումը հասել է որոշակի կետի» և այդ համատեքստում Ռուսաստանը և Թուրքիան «կարող են ամրապնդել իրենց տնտեսությունը և բարձրացնել Հարավային Կովկասու և Կենտրոնական Ասիայի կայունությունը, իսկ գերակայության ձգտումներին պետք է վերջ տրվի, խաղաղությունը, անդորրը և կայունությունը կծառայեն բոլորի շահերին»։
 
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը միաժամանակ ընդգծել է, որ «խոչընդոտներ, իհարկե, կան, որոշ երկրների միջև անվստահությունը հասել է լուրջ մակարդակի»։ Խոսքը, հավանաբար, ռուս-վրացական հարաբերությունների մասին է, որովհետև Ֆիդանը անմիջապես հիշեցրել է անցյալ շաբաթ Ստամբուլում Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ իր հանդիպումը, ինչից կարելի է ենթադրել, որ Թուրքիան փորձ է արել Վրաստանին «բերել 3+3 ձևաչափի տիրույթ», բայց հաջողության չի հասել։
 
Turkiye-ին հարցազրույցում Հաքան Ֆիդանը բացահայտել է, որ Մոսկվայում քննարկվել է «Միջին միջանցքը» Թուրքիային «միացնելու հարցը»։ Թուրքիան «Միջին միջանցքին» Բաքու-Կարս երկաթգծով արդեն իսկ կապված է, ուստի միանշանակ է, որ մոսկովյան բանակցություններում քննարկվել է TRIPP նախագծի իրականացման հեռանկարը։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը տեսակետ է հայտնել, որ Ռուսաստանը ձգտում է Հայաստանի և Իրանի սահմանին «իր ներկայությունը TRPP նախագծում ինկորպորացնել»։
 
Թուրքիայի արտգործնախարարը պատասխանել է նաև հայ-թուրքական կարգավորման մասին հարցին։ «Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել։ Մեր նախագահի կամքով արվել են ավելի կարևոր քայլեր, ներառյալ ուղիղ առևտուրը։ Նոր փուլում ինչ պետք է արվի, նույնպես պարզ է։ Մենք պատրաստ ենք իրավիճակի նորմալացման, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ կլինեն»,- ասել է Ֆիդանը։ Այս պատասխանը, եթե պայմանականությունները մի կողմ թողնենք, ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորման գործընթացը։
 
Ֆիդանի չափազանց զգուշավոր ձևակերպումներից հասկացվում է, որ առնվազն Հայաստանին վերաբերող մասով Ռուսաստանը Թուրքիայի հետ «մրցակցությունից համագործակցության անցնելու» պատրաստ չէ։ Իսկ դա Հայաստանի համար շատ լուրջ մարտահրավեր է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը