Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»


 

Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»

  • 23-06-2026 16:09:56   |   |  Քաղաքականություն
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
1in.am ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի հետ շփումների անհրաժեշտության ընկալում կա, բայց կոնկրետ ժամկետներ դեռեւս համաձայնեցված չեն,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ Նախօրեին Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանին «Անքորիջի պայմանավորվածությունները այլևս պետք չեն, հրադադար պետք չէ, Ռուսաստանին պետք է հաղթանակ, որպեսզի նվաճի դրված նպատակները»։ Նա նաև ամերիկյան կողմին անուղղակի մեղադրել է «պայմանավորվածությունները չկատարելու» մեջ։ Մոսկվայում համոզված են, որ Դոնալդ Թրամփը կարող էր Զելենսկուն տարածքային զիջումներ պարտադրել, բայց «չի ցանկացել»։
 
Հունիսի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ուկրաինական կարգավորման լսումներ են անցկացվել։ Reuters-ը բավական ընդարձակ մեջբերումներ է արել քննարկումներին ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դեն Նեգրիի ելույթից, որ թարգմանաբար փոխանցել է ուկրաինական Unian.ua կայքը։ «Միացյալ Նահանգները շարունակում է աներեր աջակցել ուկրաինական ժողովրդին»,- ասել է Նեգրին և դատապարտել Ուկրաինայի «քաղաքացիական ենթակառուցվածքներին Ռուսաստանի հարվածները»։
 
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը հրապարակայնացրել է ամերիկյան հետախուզության տեղեկությունները, որ «Ռուսաստանը ամեն ամիս 40 հազար մարդկային կյանք է կորցնում» և կոչ արել, որպեսզի Մոսկվան «արագորեն վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և հասնի դիվանագիտական կարգավորման»։ Դեն Նեգրին հայտարարել է, որ «այդ պատերազմում ժամանակը Ռուսաստանի օգտին չի աշխատում»։ Ռուս-ուկրաինական պատերազմի անցած ավելի քան չորս տարիներին Վաշինգտոնը առաջին անգամ է նման հայտարարություն անում, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ում ուկրաինական կողմի վերջին գործողությունները «բեկումնային» են գնահատում։
 
Ukrinform-ը հրապարակել է նույն նիստում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկի ելույթի հիմնական դրույթները։ Ըստ այդմ, Ուկրաինան «պատրաստ է հանուն արդարացի և տևական խաղաղության Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի Կանոնադրությունը», բայց եթե Անվտանգության խորհուրդը «շարունակի սպասողական կեցվածք պահպանել, բացառված չէ, որ Կիևը սրբագրի և փոխի իր առաջարկությունը»։ Ըստ ուկրաինացի դիվանագետի, «ռազմաճակատի փաստացի գծի երկայնքով հրադադարի հաստատումը արդեն իսկ մեծ զիջում» է։
 
Այս համատեքստում ի՞նչ ուղերձ կարող է Մոսկվային փոխանցել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը, մնում է անորոշ։ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը հղում է արել նախագահ Թրամփի հորդորին, որ նա հնչեցրել է G7-ի գագաթաժողովի հարթակից: «Ռուսաստանը պետք է համաձայնագիր կնքի»։ Նույն օրը նույն տեղում ԱՄՆ նախագահը ստորագրել է Իրանի հետ «Փոխըմբռնման մասին» հուշագիրը։ Ռուսաստանի նախագահը սեպտեմբերի 18-20-ը սահմանել է պետական դումայի ընտրությունների քվեարկության օրեր։ Մինչ այդ նա հազիվ թե Ուկրաինայի հետ «համաձայնագիր կնքի» իսկ հետո՞։ Պուտինը կընդունի՞ Թրամփի «քաղաքական վերջնագիրը»։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքականություն

 

 

Կարդացել են 133 անգամ

```