Հակակոռուպցիոնը մերժեց միջնորդությունը. Առուշ Առուշանյանի պատիժը չի փոխարինվի ազատազրկմամբ
24-06-2026 12:04:43 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Դատարանն արձանագրել է, որ դատապարտյալի վրա չի կարող դրվել պատիժն ինքնուրույն կատարելու պարտականություն, եթե պետությունը դրա համար բավարար իրավական մեխանիզմներ չի ստեղծել։
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառված պատիժը ազատազրկմամբ չի փոխարինվի։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը։
«ՏԻՄ մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելն ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկատարելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժ չկրելու վերաբերյալ որոշումը մերժել»,– որոշումը կարդաց դատավոր Դավթյանը։
Դատարանը համաձայնել է պաշտպանական կողմի դիրքորոշմանը՝ նշելով, որ գործող իրավակարգավորումները վատթարացնում են Առուշանյանի իրավական վիճակը, քանի որ նրա կողմից արարքը կատարելու և դատապարտվելու պահին նման կարգավորումներ չեն եղել։
Հիշեցնենք` քրեական գործը, որի շրջանակում Առուշանյանը մեղավոր է ճանաչվել, վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն։
2022 թվականին Առուշ Առուշանյանը մեկ դրվագով արդարացվել էր, իսկ մյուսով՝ դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Հաշվի առնելով կալանքի տակ անցկացրած ժամանակը՝ վերջնական պատիժ էր սահմանվել 6 ամիս ազատազրկումը, որը պայմանականորեն չէր կիրառվել։ Բացի այդ, նա զրկվել էր 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։
Ավելի ուշ Պրոբացիայի ծառայությունը փորձել էր այդ պատիժը փոխարինել ազատազրկմամբ՝ պնդելով, որ Առուշանյանը խուսափում է պատժի կատարումից։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր միջնորդությունը՝ 5 տարվա պաշտոնավարման արգելքը փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ազատազրկմամբ, իսկ վերաքննիչ դատարանը վերջնական պատիժ էր սահմանել 1 տարի 11 ամիս ազատազրկումը։
Սակայն վճռաբեկ դատարանը հետագայում արձանագրել էր ընդդատության խախտում և գործն ուղարկել հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Վերջինս էլ մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը։