Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Հայաստանի և Արցախի մասին Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությունները
24-06-2026 19:46 Ադրբեջան Քաղաքականություն
tert.am Ֆրանսիայի կողմից Հայաստանին ռազմական մատակարարումները խրախուսում են ռևանշիզմը և խաթարում խաղաղության գործընթացը, այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պատասխանները Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամների հարցերին։
«Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Ֆրանսիայի խորհրդարանի կայքում հունիսի 23-ին հրապարակված անհիմն պատասխանները՝ ի պատասխան Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին այնպիսի թեմաների, ինչպիսիք են «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին», «հայ գերիների ճակատագիրը և նրանց ազատ արձակումը», «հայ կրոնական և մշակութային ժառանգությունը», «մարդու իրավունքները Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում» և «մարդու իրավունքները Ադրբեջանում»։
Այս պատասխանները ևս մեկ օրինակ են այն կողմնակալ մոտեցման, որը նրանք վաղուց ցուցաբերել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ։
Թեև այս պատասխաններում զգալի ուշադրություն է դարձվում Հայաստանի անվտանգությանը, «Լեռնային Ղարաբաղի հայերին» և «Ադրբեջանում կալանավորված հայազգի անձանց», ցավալի է, որ դրանք լիովին անտեսում են Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների գրեթե «երեսունամյա օկուպացիան» (չակերտները՝ Tert.am-ի), այդ ընթացքում կատարված «զանգվածային ավերածությունները, մեկ միլիոնից ավելի ադրբեջանցու հարկադիր տեղահանումը, անհետ կորած անձանց ճակատագիրը և Հայաստանի կողմից ականապատման սպառնալիքը» (չակերտները՝ Tert.am-ի)։
Չնայած իրեն խաղաղության գործընթացի կողմնակից ներկայացնելու փորձերին, ֆրանսիական կողմը շեշտը դնում է Հայաստանի հետ պաշտպանական համագործակցության վրա և աջակցում է EUMA առաքելության գործունեությանը։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ֆրանսիան հեռու է չեզոք լինելուց տարածաշրջանում։ Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը, զենքի մատակարարումները և միակողմանի քաղաքական դիրքորոշում ցուցաբերելը չեն նպաստում խաղաղությանը։ Ընդհակառակը, նման քայլերը խրախուսում են ռևանշիստական տրամադրությունները և խաթարում են կարգավորման գործընթացը»։