Հայաստանում տարբեր մակարդակներում Ղարաբաղի շարժումը շարունակելու ցանկացած փորձ Ադրբեջանում առաջացնելու է հայելային արձագանք. Փաշինյան
25-06-2026 15:13 Հայաստան Քաղաքականություն
shantnews.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում տարբեր մակարդակներում Ղարաբաղի շարժումը շարունակելու ցանկացած փորձ Ադրբեջանում առաջացնելու է հայելային արձագանք։
Փաշինյանին հարցրել են, թե որն է պատճառը, որ Ադրբեջանում ակտիվացել է այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» խոսույթն ու «ադրբեջանցիների վերադարձի» մասին հայտարարություններըլ։
«Քանի դեռ Հայաստանի Ազգային ժողովի դահլիճում դրված են Ղարաբաղի դրոշներ, քանի այդ խոսույթը Հայաստանում շարունակվելու է, դա հայելային ձևով շարունակվելու է, դրանք մեկը մյուսով պայմանավորված գործոններ են։ Ես ասում եմ, որ այդ ամենը չունի գործնական և կիրառական նշանակություն և չի ունենալու գործնական կիրառական նշանակություն այնքան ժամանակ, քանի դեռ մենք իշխանություն ենք և այդ հարցում հստակ դիրքորոշում ենք արտահայտում։ Ինչո՞ւ եմ սա ասում։ «Հայաստան» դաշինքի առաջնորդն (խմբ. նկատի ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին) ասում է՝ Հայաստանի Հանրապետությունը չպետք է բավարարվի 29 հազար 743 կիլոմետրով, բա ի՞նչ պետք է անի։ Բոլորը լսում են չէ՞, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և ինչ են մարդիկ խոսում։
Հիմա այլ մակարդակներում Ղարաբաղի շարժումը շարունակելու ցանկացած փորձ բերելու է հայելային արձագանքներ։
Սա է պատճառը, որ ես շարունակում եմ պնդել և հնարավոր ամեն քայլ ձեռնարկելու ենք, որպեսզի Ղարաբաղյան շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվեն նաև այն պատճառով, որ Հայաստանի ժողովուրդն այս տեսլականի օգտին քվեարկել է, և սա շատ կարևոր հանգամանք է։ Եվ մենք նման փորձերը գնահատելու ենք Հայաստանի ժողովրդին նոր ավանտյուրայի մեջ ներքաշելու փորձ ու մեր լիազորությունների և օրենքի սահմաններում ամեն ինչ անելու ենք՝ դա կասեցնելու համար»,- ասել է Փաշինյանը։