Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին


 

Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին

25-06-2026 15:29 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ մեկնարկել են բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները։
 
Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թասչյանը։
 
Ժաննա Անդրեասյանը հեղինակային խմբրի և կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ շրջել է տարածքում, ծանոթացել աշխատանքների ընթացքին։ Նա կարևորել է աշխատանքների բարձր որակով, պատշաճ և սահմանված ժամկետներում իրականացումը՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքները պահանջում են առանձնահատուկ պատասխանատվություն:
 
Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում է իրականացնել Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգումը. զուգահեռաբար կմեկնարկեն նաև թանգարանային հատվածի նորոգման աշխատանքները։ Շինարարական աշխատանքների ամբողջական ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։
 
Այս ընթացքում հուշահամալիրը բաց կլինի այցելուների համար։
 
Հիշեցնենք, որ բարեկարգման ծրագրի առաջին փուլն ավարտվել է ապրիլին․ հիմնանորոգվել են հուշահամալիրի կենտրոնական, արևմտյան և արևելյան մասնաշենքերը, ինչպես նաև Հավերժության տաճարի մույթերը։ Կառուցվել է ջրահեռացման նոր համակարգ, իրականացվել են մույթերի և հուշապատի հիմքերի ջրամեկուսացման աշխատանքներ։ Մաքրվել է նախկին քայքայված ջրամեկուսիչ շերտը, իսկ մույթերի բետոնե հիմնակմախքի ամրակայումն ու ջրամեկուսացումն իրականացվել է ժամանակակից հատուկ նյութերի կիրառմամբ։ Փոխարինվել են թիկնամասերի և կողաճակատների սալերը, մույթերին հարող հատվածներում տեղադրվել է նոր սալահատակ։ Հուշապատի երկայնքով կառուցվել է նոր ճեմուղի, բարեկարգվել է կանաչապատ տարածքը, հիմնանորոգվել է ոռոգման ցանցը։
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 145 անգամ