ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2012Թ. ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ<br /> ՆՎԱԶԵՑՆԵԼ ՄԻՆՉԵՎ 11,2%-Ի<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2012Թ. ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ
ՆՎԱԶԵՑՆԵԼ ՄԻՆՉԵՎ 11,2%-Ի

  • 20-05-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նոր կառավարության 2008-2012թթ. գործունեության ծրագրի կարեւորագույն խնդիրներից է հանրապետությունում աղքատության ցուցանիշների նվազեցումը, լավագույն դեպքում` հաղթահարումը: Նախատեսվում է 2012թ. հանրապետությունում աղքատության ցուցանիշը նվազեցնել մինչեւ 11,2%-ի, իսկ ծայրահեղ աղքատությունը` 1,6%-ի: 2006թ. այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 26,5% եւ 4,1%: Ինչպես մայիսի 20-ի ասուլիսում հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը, աղքատության հաղթահարման առաջին նախապայմանը մարդկանց աշխատանքով ապահովելն է: Այդ նպատակով, ըստ նրա, նախարարությունը իրականացնում եւ շարունակելու է իրականացնել ակտիվ զբաղվածության մի շարք ծրագրեր: Ա.Վարդանյանը նշեց, որ կառավարության գործունեության ծրագրով 2012թ. նախատեսվում է նաեւ աշխատանքային միջին կենսաթոշակի չափը հավասարեցնել կենսաապահովման նվազագույն բյուջեի չափին: «Դա ենթադրում է պետական միջոցների լուրջ ներդրում, նախատեսվում է ՀՆԱ-ի 6,2%-ը ուղղել դեպի սոցիալական պաշտպանության ոլորտ»,- ասաց նախարարը: Ա.Վարդանյանը, անդրադառնալով նախարարության կողմից առաջիկա տարիներին իրականացվելիք աշխատանքներին, նշեց, որ դրանք ուղղված են լինելու, մասնավորապես, աշխատողների եւ կենսաթոշակառուների եկամուտների տարբերության կրճատմանը, սոցիալական ծառայությունների մատչելիության հասանելիության եւ ոլորտի կառավարման բարելավմանը: Բացի այդ, աշխատանքներ են տարվելու կենսաթոշակային համակարգի բարեփոխումների եւ բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրման ուղղությամբ: Ա.Վարդանյանը նախարարության գործունեության կարեւորագույն ուղղություններից համարեց նաեւ հաշմանդամների համար հավասար, մատչելի պայմանների, ինչպես նաեւ երեխաների իրավունքների պաշտպանության ապահովումը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play