ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ ԿԼԻՆԻ
16-05-2008 19:25:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում մայիսի 18-ին
կնշվի Թանգարանների միջազգային օրը: Այդ օրը Երեւանի եւ մարզերի
բոլոր թանգարանների մուտքը այցելուների համար ազատ կլինի:
Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ
մշակույթի նախարարության թանգարանների
եւ գրադարանների բաժնի պետ Անահիտ Գալստյանը, Հայաստանում
ներկայումս գործում են 110 պետական եւ ոչ պետական թանգարաններ,
տուն-թանգարաններ եւ արգելոց-թանգարաններ, որոնցից 60-ը գտնվում են
պետության, իսկ 30-ը` համայնքների պահպանության ներքո: Մնացած
թանգարանները գործում են անհատ քաղաքացիների կամ
կազմակերպությունների հովանու տակ: Վերջին տարիների ընթացքում
թեպետ թանգարաններն ունեցան բազում խոչընդոտներ, սակայն շարունակել
են գործել: Որոշ թանգարաններ փակվել են, բայց փոխարենը բացվել
են նորերը:
Ա. Գալստյանի խոսքերով, Թանգարանների միջազգային օրվա
կապակցությամբ Հայաստանը միացել է միջազգային երեք ակցիաների,
որոնցից ամենահետաքրքրականը մայիսի 17-ին հայտարարված
«Թանգարանային գիշեր» ակցիան է:
Հայաստանում Թանգարանների միջազգային օրը նշվում է 1978
թ.-ից: