ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՀՖՖ-Ի ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՄՐՑՈՒՅԹ<br />


ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՀՖՖ-Ի ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՄՐՑՈՒՅԹ

  • 08-10-2008 16:16:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի խորհրդանիշից Մասիսները հանելու հարցում ֆեդերացիայի վրա որեւէ ճնշում չի եղել. պարզապես այդ փոփոխությունը համընկել է Հայաստան-Թուրքիա հանդիպման հետ: Այս մասին հոկտեմբերի 8-ի ասուլիսում հայտարարեց ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Չէինք կարծում, որ հարցն այսքան կքաղաքականացվեր: Այնուամենայնիվ, գնահատում ենք ժողովրդի դժգոհությունը եւ, հարգելով նրա կամքն ու ճշմարտացիությունը, նոր խորհրդանիշի մրցույթ ենք հայտարարել: Քննարկմանը կհրավիրենք ինչպես հանձնաժողովի անդամներին, այնպես էլ ֆուտբոլասերների եւ լրագրողների»,- ասաց ՀՖՖ-ի նախագահը: Անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի այն հայտարարությանը, թե աշխարհի առաջնության եզրափակիչ մտնելու խնդիրը իրատեսական չէ, քանի որ թիմի անդամների ունակությունները եւ հնարավորությունները չեն համապատասխանում ժամանակակից չափանիշներին, Ռ.Հայրապետյանը նշեց, որ նման հայտարարություն անող մարզիչը արժանի չէ ղեկավարելու Հայաստանի ազգային թիմը: ՀՖՖ-ի նախագահը ազգային հավաքականին ցանկանում է տեսնել աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակիցների ցանկում, եւ դրա համար թե անձամբ ինքը, եւ թե ֆեդերացիան կգործադրեն բոլոր ջանքերն ու հնարավորությունները: Ինչ վերաբերում է ընտրական փուլում Թուրքիայի եւ Իսպանիայի հավաքականներից կրած պարտություններին, ապա դրանում, Ռ.Հայրապետյանի համոզմամբ, միանշանակ մեղավոր են ֆուտբոլիստները, ովքեր լիովին չդրսեւորեցին մարտական հատկանիշները եւ մարզիկին վայել կամային որակները: Հոկտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Բելգիա, որտեղ աշխարհի առաջնության ընտրական փուլի ծրագրով հոկտեմբերի 10-ին կմրցի տեղի ընտրանու հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play