ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄՈՏ ՕՐԵՐՍ ԿՍԿՍՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ<br /> ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄՈՏ ՕՐԵՐՍ ԿՍԿՍՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ

  • 08-09-2008 19:56:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 8-ին ՀՀ Ազգային Ժողովը վավերացրեց 2006-07թթ.-ին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ կնքված համաձայնագիրը` գյուղական ճանապարհների վերականգման ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն կազմակերպելու համար նախատեսված փոքրածավալ տեխնիկական օժանդակության մասին: Ինչպես նշեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, փոքրածավալ տեխնիկական օժանդակության գումարը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գ.Սարգսյանը, Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող հիմնական վարկային ծրագրով նախատեսվում է վերականգնել մոտ 220 կմ ընդհանուր երկարությամբ 10 ճանապարհահատվածներ Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերում: Հիմնական վարկի գումարը կազմում է 30,6 մլն դոլար: Խորհրդատուն, որին վարձել է Ասիական զարգացման բանկը, կատարել է վարկի հատկացման, ինչպես նաեւ գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի տեխնիկական առաջադրանքի նախապատրաստական աշխատանքները: Արդյունքում նշված ճանապարհահատվածներն ընդգրկվել են բանկի կողմից ֆինանսավորվող հիմնական վարկային ծրագրում: Հավելյալ 150 հազար դոլարը տրամադրվել է որպես երկրորդ տնխնիկական աջակցություն, որի միջոցով իրականացվել են վերոհիշյալ ճանապարհների վերականգնման նախագծման աշխատանքները: Նախարարը վստահեցրեց, որ ծրագրի իրականացման աշխատանքները կսկսվեն մոտ օրերս` ֆինանսավորումը սկսվելուց անմիջապես հետո: Ծրագրի նախապատրաստման հիմնական փուլերն ավարտված են, կան փոքր տեխնիկական խնդիրներ, որոնք այս պահին համաձայնեցվում են Ասիական զարգացման բանկի հետ: Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է վերանորոգել 109 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ: Ծրագրի ավարտը նախատեսված է 2010թ.-ին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play