ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻՑ ՀԵՏՈ ՄԻԱՅՆ ԿԿԱՅԱՑՎԻ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՂԵՎԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ
14-07-2008 18:45:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարությունը
շարունակում է քննարկել մայրաքաղաքի տրանսպորտային ուղեվարձի
բարձրացման խնդիրը: Այդ մասին հուլիսի 14-ի ասուլիսում հայտնեց
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Նրա խոսքերով,
ուղեւորափոխադրումներ իրականացնող տնտեսվարողներն արդեն 7-8 ամիս է
ներկայացրել են ուղեվարձի բարձրացման հայտ, սակայն կառավարության
համար դրա հիմնավորումները եղել են անընդունելի: Ըստ քաղաքապետի,
ՀՀ վարչապետը հանձնարարել է տրանսպորտի ոլորտում իրականացնել
մոնիթորինգ, վերլուծել դրա արդյունքները եւ ներկայացնել
կառավարության քննարկմանը, որից հետո միայն կկայացվի վերջնական
որոշում:
Անդրադառնալաով մայրաքաղաքի տրանսպորտի խնդրին, Ե.Զախարյանը
հայտնեց, որ այն դեռեւս մնում է չլուծված. մասնավորապես, լուրջ
խոչընդոտներ է ստեղծում այն, որ մայրաքաղաքում տարեկան 20 հազարով
ավելանում է մեքենաների թիվը: Քաղաքապետը հայտնեց, որ վարչապետի
հանձնարարականով ստեղծված հանձնաժողովը մեկ ամսվա ընթացքում պետք է
ուսումնասիրի ոլորտում առկա իրավիճակը եւ ներկայացնի լուծման
առաջարկներ: Նշվեց նաեւ, ՀՀ նախագահը հանձնարարել է շարունակել
Երեւանը շրջանցող ճանապարհների կառուցումը, որպեսզի այդ կերպ
հնարավոր լինի թեթեւացնել մայրաքաղաքի երթեւեկությունը: