ՓԱՐԻԶ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գիյոմ Դեպարդիեն` ֆրանսիացի
լեգենդար դերասան Ժերար Դեպարդիեի որդին, դատապարտվել է երկամսյա
բանտարկության, հաղորդում է «Ֆրանսպրեսը»:
Հինգշաբթի Ֆրանսիայում ավարտվել է Գիյոմ Դեպարդիեի գործի
դատաքննությունը, որին ոստիկանությունը ընթացիկ տարվա փետրվարին
ձերբակալել էր հարբած վիճակում մոտոռոլլեր վարելու համար:
Դեպարդիե-կրտսերի հետ նման միջադեպ տեղի էր ունեցել նոր պատահարից
մի քանի ամիս առաջ եւս, ինչը հաշվի է առնվել դատարանի կողմից վճիռ
կայացնելիս:
Ուղղիչ դատարանը, որտեղ քննվում էին Գիյոմ Դեպարդիեի երկու
գործերը, 36-ամյա դերասանին դատապարտել է երկամսյա բանտարկության:
Ժերարի որդին եւ դատարանում նրա շահերը ներկայացնող փաստաբանը
ներկա չեն եղել վճռի հրապարակման ժամանակ: Հաղորդվում է նաեւ, որ
Գիյոմի փաստաբանը մտադիր է բողոքարկել դատավճիռը: