ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՆԿԱՐԱԶԱՐԴ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԱԶԴԱԳՐԵՐԻ ԵՎ ԲՈՒԿԼԵՏՆԵՐԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ<br />


ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՆԿԱՐԱԶԱՐԴ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԱԶԴԱԳՐԵՐԻ ԵՎ ԲՈՒԿԼԵՏՆԵՐԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ

  • 08-05-2008 18:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում առաջին անգամ հոկտեմբերի 3-5-ը անցկացվելիք նկարազարդ պատմությունների (կոմիքսների) զարգացման միջազգային փառատոնի մասին պատմող ազդագրերի եւ բուկլետների էսքիզների պատրաստման համար հայտարարված մրցույթի հաղթող է ճանչվել «Monkey» դիզայն-ստուդիայի երիտասարդ դիզայներ Մարինա Մելիքջանյանը: 2-րդ եւ 3-րդ տեղերի մրցանակները շնորհվեցին նույն կազմակերպության երիտասարդ դիզայներ Անդրանիկ Թորոսյանին եւ նկարիչ Հարություն Սամուելյանին: Ինչպես մայիսի 8-ին մամլո ասուլիսում հայտնեց մրցույթի ժյուրիի նախագահ, Հայաստանում ֆրանսիայի դեսպանության մշակութային խորհրդական Բրունո Վենսանդոն, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած նկարիչների աշխատանքների էսքիզները եւս կօգտագործվեն բուկլետների ձեւավորման համար: Դեսպանության մշակութային խորհրդականը նշեց, որ առաջին մրցանակակիրները կստանան նաեւ դրամական պարգեւներ` համապատասխանաբար` 250, 75 եւ 50 եվրո: Բ.Վենսանդոն ներկայանելով հաղթողներին նշեց, որ աշխարհում նկարազարդ պատմություններն ընդունված է անվանել «իններորդ արվեստ», որը միավորում է գեղանկարչության եւ կինոյի ժանրը: «Մենք ցանկանում ենք Հայաստանը ներգրավել արվեստի այդ ուղղության մեջ, քանի որ գեղանկարչությունը եւ կինոն բավականին լայն եւ ամուր ավնդույթներ ունեն Հայաստանում: Արվեստի այս ժանրը միջնորդ է հանդիսանում գեղանկարչության եւ կինոյի միջեւ»,- ընդգծեց նա: Հայաստանի Նկարազարդ պատմությունների զարգացման միության համահիմնադիր եւ ներկայացուցիչ Տիգրան Մանգասարյանը տեղեկացրեց, որ մրցույթին ներկայացվել են 13 հայ նկարիչների 60 աշխատանքներ: Բացի այդ, մրցույթին մասնակցել են նաեւ Գեղագիտական կենտրոնի սաները, որոնց աշխատանքները, ըստ Տ.Մանգասարյանի, պարզապես ապշեցրել են ժյուրիի անդամներին իրենց երեւակայական թռիչքով ու գեղարվեստական ճաշակով: «Այս մրցույթին մասնակցել են 5 տարեկանից մինչեւ 60-նն անց նկարիչներ: Երեխաների աշխատանքներն իրենց հմտությամբ չեն զիջել մեծերին: Եվ նրանցից մեկի` 12 տարեկան մի երեխայի աշխատանքը եւս ընտրվել էր վերջնական փուլի համար»,- ասաց Տ.Մանգասրյանը: Միաժամանակ Մանգասարյանը հայտնեց, որ փառատոնի նախօրյակին` սեպտեմբերի 25-ին, Երեւանում տեղի կունենա նկարազարդ պատմությունների երկրորդ մրցույթը երեք անվանակարգերով` ծաղրանկար, պատմություն կոմիքսի համար եւ սցենար: Ժյուրիի կազմում են Անգուլեմի փոխքաղաքապետը, Կոմիքսների եւ պատկերների ազգային կենտրոնի, ինչպես նաեւ Ֆրանսիայում կոմիքսների միջազգային փառատոնի նախագահ Ժան Մարդիկյանը (Jean Mardikian), Փարիզի Չոբանյան ինստիտուտի եւ Սիջեստ հրատարակչության տնօրեն Վարուժան Սիրապյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի հարցերով խորհրդականը եւ ՀՀ մշակույթի նախարարության ներկյացուցիչը: Կոմիքսների միջազգային առաջին երեւանյան փառատոնի կազմակերպիչներն են Չոբանյան ինստիտուտը (Կովկասի, Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքի հիմնահարցերով զբաղվող անկախ գիտական կենտրոն), ինչպես նաեւ Ֆրանսիայի կոմիքսների եւ պատկերների ազգային կենտրոնը, Հայաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունները, ինչպես նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը: Հայաստանում կոմիքսների զարգացման ասոցիացիան ստեղծվել է 2007թ. դեկտեմբերին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play