ԱՅՍՈՒՀԵՏԵՎ «ԵՎՐՈՏԵՍԻԼ»-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ 4<br /> ԵՐԿԻՐ ԵՎ ՆԱԽՈՐԴ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԸ<br />


ԱՅՍՈՒՀԵՏԵՎ «ԵՎՐՈՏԵՍԻԼ»-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ 4
ԵՐԿԻՐ ԵՎ ՆԱԽՈՐԴ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԸ

  • 23-10-2007 17:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպական հեռարձակողների միությունը վերանայել է «Եվրոտեսիլ» մրցույթի կանոնները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականյանը, այսուհետեւ 2 կիսաեզրափակիչ է անցկացվելու: Յուրաքանչյուր կիսաեզրափակիչում ընտրվելու է 10 երկիր, որից 9-ը` հեռուստադիտողների զանգերի եւ հաղորդագրությունների միջոցով, իսկ մեկին` ժյուրիի: Բացի այդ փուլերն անցած 20 երկրներից եւ նախորդ մրցույթի հաղթողից, 2008թ.-ից մրցույթների եզրափակիչին մշտապես կմասնակցեն 4 երկիր` Անգլիան, Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, որոնք «Եվրոտեսիլ»-ին մասնակցության համար ամենաշատ գումար են վճարում: Նշվեց, որ երկու կիսաեզրափակիչներն էլ ցուցադրվելու են նույն օրը, ուղիղ հեռարձակմամբ, սակայն հայաստանցիները կդիտեն միայն այն կիսաեզրափակիչը, որտեղ հանդես է գալու Հայաստանի ներկայացուցիչը: Դ.Մնացականյանը տեղեկացրեց, որ արդեն սկսվել են «Եվրոտեսիլ-2008»-ի մասնակցության հայտերի ընդունումը եւ այն կշարունակվի մինչեւ դեկտեմբերի վերջ: 2008թ.-ի փետրվարին «Հ1»-ով կանցկացվեն հանրային լսումներ, իսկ հեռուստադիտողների ուղարկած SMS-երի հիման վրա կորոշվի մրցույթում Հայաստանը ներկայացնող երգիչը: Նշվեց նաեւ, որ «Հ1»-ի մշակված կանոնների համաձայն, այսուհետեւ երգիչները պետք է ներկայացնեն միայն հայ կոմպոզիտորների գործեր: «Մենք չենք ցանկանում օտարազգի երգահանների գործերը ներկայացնել հեղինակավոր մրցույթում: Մեր նպատակն է մրցույթին ներկայացնել հայ կոմպոզիտորների գրած երգերը: Այսինքն, ինչպես հայտնի, այնպես էլ սկսնակ կոմպոզիտորները հնարավորություն ունեն իրենց գործերը ներկայացնել հանրությանը»,- նշեց Դ.Մնացականյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play