ԱՅՍՈՒՀԵՏԵՎ «ԵՎՐՈՏԵՍԻԼ»-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ 4
ԵՐԿԻՐ ԵՎ ՆԱԽՈՐԴ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԸ
23-10-2007 17:35:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպական
հեռարձակողների միությունը վերանայել է «Եվրոտեսիլ» մրցույթի
կանոնները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի
հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի պետ Դիանա
Մնացականյանը, այսուհետեւ 2 կիսաեզրափակիչ է անցկացվելու:
Յուրաքանչյուր կիսաեզրափակիչում ընտրվելու է 10 երկիր, որից 9-ը`
հեռուստադիտողների զանգերի եւ հաղորդագրությունների միջոցով, իսկ
մեկին` ժյուրիի: Բացի այդ փուլերն անցած 20 երկրներից եւ նախորդ
մրցույթի հաղթողից, 2008թ.-ից մրցույթների եզրափակիչին մշտապես
կմասնակցեն 4 երկիր` Անգլիան, Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, որոնք
«Եվրոտեսիլ»-ին մասնակցության համար ամենաշատ գումար են վճարում:
Նշվեց, որ երկու կիսաեզրափակիչներն էլ ցուցադրվելու են նույն
օրը, ուղիղ հեռարձակմամբ, սակայն հայաստանցիները կդիտեն միայն այն
կիսաեզրափակիչը, որտեղ հանդես է գալու Հայաստանի ներկայացուցիչը:
Դ.Մնացականյանը տեղեկացրեց, որ արդեն սկսվել են
«Եվրոտեսիլ-2008»-ի մասնակցության հայտերի ընդունումը եւ այն
կշարունակվի մինչեւ դեկտեմբերի վերջ: 2008թ.-ի փետրվարին «Հ1»-ով
կանցկացվեն հանրային լսումներ, իսկ հեռուստադիտողների ուղարկած
SMS-երի հիման վրա կորոշվի մրցույթում Հայաստանը ներկայացնող
երգիչը:
Նշվեց նաեւ, որ «Հ1»-ի մշակված կանոնների համաձայն,
այսուհետեւ երգիչները պետք է ներկայացնեն միայն հայ կոմպոզիտորների
գործեր: «Մենք չենք ցանկանում օտարազգի երգահանների գործերը
ներկայացնել հեղինակավոր մրցույթում: Մեր նպատակն է մրցույթին
ներկայացնել հայ կոմպոզիտորների գրած երգերը: Այսինքն, ինչպես
հայտնի, այնպես էլ սկսնակ կոմպոզիտորները հնարավորություն ունեն
իրենց գործերը ներկայացնել հանրությանը»,- նշեց Դ.Մնացականյանը: