«ՄԵԱ ԿՈՒԼՊԱ»-Ն ԱՐԴԵՆ 5 ՏԱՐԵԿԱՆ Է, ՍԱԿԱՅՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ
ԱՐԴԻԱԿԱՆ
02-10-2007 18:45:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սցենարի հեղինակ Վահրամ
Սահակյանի եւ բեմադրող ռեժիսոր Արթուր Սահակյանի «Մեա կուլպա»
ներկայացումը արդեն 5 տարեկան է: Բեմադրումից 5 տարի անց էլ այն
դեռեւս արդիական է, ինչի վկայությունը ներկայացման ժամանակ
լեփ-լեցուն դահլիճներն են: Այսպիսի կարծիք հայտնեց հոկտեմբերի 1-ին
ներկայացման 5-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված մամլո
ասուլիսում Երեւանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար
Արմեն Խանդիկյանը: Նա համոզված է, որ «Մեա կուլպա» տրագիկոմեդիան
այլեւս պահանջված ներկայացում չի լինի, երբ հասարակությունը
կազատվի դրանում բարձրացված խնդիրներից ու արատներից: «Այս
առումով, թերեւս վաղ է խոսելը, քանի որ դեռեւս շարունակվում է
արժեքների անկումը բոլոր ասպարեզներում»,- ընդգծեց Ա.Խանդիկյանը:
Ըստ Ա.Խանդիկյանի, թատերական այս ժանրի ներկայացումները
սովորաբար շատ կարճատեւ կյանք են ունենում, սակայն «Մեա կուլպա»-ի
դեպքում այդ չափանիշը չի պահպանվել, իսկ դրա «գաղտնիքը» մեկն է`
ներկայացումը այսօր էլ պահանջված է:
Ներկայացման գլխավոր դերակատար Հրանտ Թոխատյանի խոսքերով,
ինքը սիրով է բեմ դուրս գալիս, մանավանդ այս ստեղծագործական ու
դերասանական խմբի հետ: Ըստ նրա, այս տիպի ներկայացում բեմադրելը
շատ բարդ է, քանի որ լուրջ նյութը պետք է կարողանալ ներկայացնել
թեթեւ ժանրի մեջ, որն ավելի մեծ ջանք ու վարպետություն է
պահանջում: «Ամեն նոր բեմելը պարտավորեցնող է, եթե դերասանը մի
փոքր կորցնի հետաքրքրությունը, ներկայացումը կտապալվի»,- համոզված
է նա:
Նշվեց, որ Հ.Թոխատյանի 50-ամյակի կապակցությամբ 2008թ.
հունվարի 10-ին դերասանական նույն խումբը հանրությանը կներկայանա
նոր` «Անհանգիստ հոգի» ներկայացումով: «Ներկայացումը մի փոքր
ինքնակենսագրական է, սակայն բեմադրված է այնպես, որ հետաքրիր է
լինելու նաեւ հասարակության համար»,- նշեց Հ.Թոխատյանը: