ԺՆԵՎՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՎ ԳՐՔԵՐԻ<br /> ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ <br />


ԺՆԵՎՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՎ ԳՐՔԵՐԻ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

  • 17-09-2007 17:10:00   | Շվեյցարիա  |  Մշակույթ
ԺՆԵՎ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 14-ին Ժնեւում բացվել է միջնադարյան հայկական ձեռագրերի եւ գրքերի «Հայաստանի մանրանկարները. Մատենադարանի հավաքածուն» ցուցահանդեսը, որը գործելու է մինչեւ դեկտեմբերի 30-ը: Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի Ռեյի եւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հովանավորությամբ անցկացվող ցուցահանդեսը կազմակերպվել է Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի, Մարտին Բոդմեր հաստատության եւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով: Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, Մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը, Ժնեւի կանտոնի Խորհրդի նախագահ Շառլ Բեռը, Շվեյցարիայի դաշնային եւ Ժնեւի կանտոնալ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ժնեւում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ հավատարմագրված դիվանագետներ: Ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանի` որպես Արեւմուտքի եւ Արեւելքի խաչմերուկում գտնվող երկրի ներդրումը համամարդկային հոգեւոր արժեքների գանձարանում, բացահայտում է կրոնի, փիլիսոփայության, մշակույթի, արվեստի եւ գիտության հիմնարար ազդեցությունը հայ ժողովրդի ինքնության ձեւավորման վրա: Ցուցանմուշների թվում են Մատենադարանի գանձերից Արցախի Ավետարանը (XIVդ.), Տաթեւի դպրոցի Ավետարանը (XIVդ.), Գրիգոր Տաթեւացու, Գրիգոր Նարեկացու եւ Դավիթ Անհաղթի եզակի ձեռագրերը: Լայնորեն ներկայացված է Կիլիկիայի մանրանկարչության դպրոցը (Ակների Ավետարանը (1287թ.), Սարգիս Պիծակի Արքայական Ավետարանը (1336թ.), Սմբատ Գունստաբլի Ավետարանը (XIVդ.) եւ այլն): Ցուցահանդեսում ներկայացված են նաեւ Վենետիկի Մխիթարյան միաբանության գրադարանից եւ Ֆրանսիայի ազգային գրադարանից բերված հայկական ձեռագրեր, այդ թվում` 14-րդ դարի Ալեքսանդրի պատմությունը, որը ոչ կրոնական մանրանկարչության եզակի նմուշ է: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ցուցահանդեսի շրջանակում անցկացվելու է նաեւ ֆրանսիացի արվեստաբան Ռեժի Լաբուրդետի լուսանկարների «Խորհրդապաշտական խաչ» ցուցահանդեսը նվիրված հայկական եկեղեցիներին: Ցուցահանդեսի հովանավորներն են Հանս Վիլսդորֆ հիմնադրամը, «Բողոսյան եւ որդիներ», «Արմենիա», «Փիլիպոսյան» հիմնադրամները, Էդմոնդ եւ Թալին Ավագյանները եւ Լոմբարդ Օդյե բանկը: Ցուցահանդեսին օժանդակում է նաեւ Յուլիուս Բաեր բանկը: Ցուցահանդեսի գիտական կուրատորն ու կատալոգի խմբագիրն է Ժնեւի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարին: Կատալոգը կազմվել է Մատենադարանի գիտական անձնակազմի մասնակցությամբ, իսկ դրա տպագրությունը հովանավորել են Եդմոնդ եւ Թալին Ավագյան բարերարները:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play