ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՀԱՆԵԼ Է ԶՈՐՔԵՐԸ ՀԱՐԱՎԻՐԱՔՅԱՆ ԲԱՍՐԱՅԻՑ
03-09-2007 18:10:00 | | Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բրիտանական
զորահրամանատարությունը սեպտեմբերի 3-ին հայտարարել է հարավիրաքյան
Բասրա քաղաքից իր զորքերի դուրսբերումն ավարտելու մասին:
«Թագավորության վերջին 500 զինծառայողները քաղաքի կենտրոնի
նախագահական պալատից վերատեղակայվել են Բասրային մերձակա
օդանավակայանի տարածքում գտնվող Մեծ Բրիտանիայի ՌՕՈՒ բազայում»,-
ասվում է զինվորականների հայտարարության մեջ:
Բասրայից բրիտանական զորքերի դուրս բերման վերջին, ավարտական
փուլը, որտեղ նրանք տեղակայվել էին 2003-ին Իրաքում պատերազմն
սկսվելուց հետո, սկսվել է կիրակի առավոտյան եւ ավարտվել 24 ժամում:
Առաջիկայում կկայանա քաղաքի վերահսկողության ձեւական փոխանցումը
իրաքցի զինծառայողներին, սակայն Իրաքի բանակի զինվորները արդեն
Բասրայի վրա ծածանել են ազգային դրոշը: Որեւէ միջադեպ զորքերի
դուրսբերման ընթացքում չի գրանցվել, ամեն ինչ անցել է հանգիստ:
Իրաքից բրիտանական զորքերի վերջնական դուրսբերման հեռանկարը
հարուցում է լուրջ մտավախություն եւ Վաշինգտոնում: Վերջին մեկ
տարում զորակազմը 7200-ից կրճատվել է մինչեւ 5500 մարդու: Ըստ
Լոնդոնից ստացվող հաղորդումների, Իրաքից զորքերի վերջնական դուրս
բերման ժամկետների մասին որոշում դեռ չի ընդունվել, սակայն
վարչապետ Գ. Բրաունը հակված է փոխելու գործողության բնույթը եւ
«մարտական գործողություններից» անցնելու «դիտարկման առաքելության»:
Այս տարվա սկզբից բրիտանական զորակազմը Իրաքում ամենածանր
կորուստներն է ունենում քառամյա ողջ ժամանակամիջոցում` 41 մարդ
սպանված եւ մոտ 60 տուժած: Վերջին երկու ամիսներին օդանավակայանին
եւ բրիտանացիների վերջին ամրացման շրջանին` Պալատին ավելի քան 300
հրթիռա-ականանետային հարված է հասցվել: