ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ ՓՈՂՈՑԱՅԻՆ<br /> ԱՌԵՎՏՐԻ ԴԵՄ<br />


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ ՓՈՂՈՑԱՅԻՆ
ԱՌԵՎՏՐԻ ԴԵՄ

  • 19-06-2007 17:35:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ոստիկանության եւ Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ Երեւանի քաղաքապետարանը հունիսի 1-ից իրականացնում է բացօթյա վաճառակետերում պատրաստվող սննդամթերքի վաճառքի դեմ ուղղված միջոցառումներ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Կարեն Գեւորգյանը, մայրաքաղաքում անցկացվող ամենօրյա ստուգումների արդյունքում արդեն առգրավվել են լցնովի պաղպաղակի 12, զովացուցիչ ըմպելիքների եւ ղարսի խորովածի պատրաստման 2-ական սարքավորումներ: Կ.Գեւորգյանի խոսքերով, թեեւ սննդամթերքի փողոցային առեւտրի դեմ լուրջ պայքար է իրականացվում, այն անհնար է վերացնել միայն քաղաքապետարանի ուժերով: «Մայրաքաղաքում այդպիսի սարքավորումները բազմաթիվ են, բայց շրջայցերի ժամանակ դրանք թաքցվում են: Դրա համար անհրաժեշտ է թաղապետարանների աջակցությունը, որպեսզի ամենօրյա ստուգումների արդյունքում կարողանանք պայքարել ոչ միայն փողոցային առեւտրի, այլեւ արագ պատրաստվող սննդամթերքի վաճառքի դեմ»,- նշեց Կ.Գեւորգյանը: Նրա խոսքերով, քաղաքացիները պետք է գիտակցեն, որ փողոցում վաճառվող մթերքը վտանգավոր է առողջության համար, քանի որ այն իրացվում է սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող պայմաններում: Վարչության պետը նշեց, որ միջոցառումներ են նախատեսվում իրականացնել նաեւ փողոցներում ձմերուկի եւ սեխի վաճառքի դեմ: Թաղապետարաններն արդեն զգուշացվել են, որպեսզի համայնքներում, մասնավորապես բնակելի շենքերի հարեւանությամբ, ձմերուկի եւ սեխի վաճառքի համար տեղեր հատկացվեն:
Նոյյան տապան  -   Հասարակություն