ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԻ<br /> ԸՆԹԱՑՔ ՄԱՂԹԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ<br />


ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԻ
ԸՆԹԱՑՔ ՄԱՂԹԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

  • 07-06-2007 19:25:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 7-ին ՀՀ Ազգային Ժողովի 4-րդ գումարման անդրանիկ նիստում հանդես եկավ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, որը ողջույնի եւ շնորհավորանքի խոսքով դիմեց նորակազմ խորհրդարանի պատգամավորներին: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տեղեկացրեցին Մայր Աթոռ Ս.Էջմիածնի Տեղեկատվական համակարգից: Իր խոսքում Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասաց. «Ինքնիշխան պետականության վերահաստատումից ի վեր Ազգային Ժողովը կարեւոր նպաստ է բերել պետականաշինության գործին, օրենքներ է մշակել հանուն մեր երկրում որոշիչ վերափոխումների իրականացման, հոգեւոր, տնտեսական եւ ընկերային կյանքի բարեփոխման, կրթության, գիտության ու մշակույթի առաջընթացի: Դուք, մեծարգո պատգամավորներ, կոչված եք օրենսդիր բարձր իշխանությամբ ծառայելու մեր Հայրենիքին ու ժողովրդին այնպիսի ժամանակում, երբ մեր ժողովուրդը ավելի մոտ է տեսնում հզոր ու բարօր Հայրենիքի, ապահով ու երջանիկ կյանքի իր տեսիլքը: Ավելի պակաս ջանքեր ու ավելի պակաս նվիրում չպիտի պահանջվեն այդ ճանապարհին: Հարկ ի վերա ձեր կա` արդյունավորությամբ շարունակելու Ազգային Ժողովի առաքելությունը: Արդ, խնդրենք, որ Տերը մեր Քրիստոս հավելի մեզանում հավատը ճշմարտադավան, հույսը` կենարար եւ սերը` հրաշագործող` բարիք ստեղծելու ու բարին գործելու, մեր պատմության հուսաբեր նոր օրը կերտելու: Մաղթում ենք ձեզ, սիրելի պատգամավորներ, կորովաշատ ծառայություն եւ բազմարդյուն գործունեություն, որպեսզի դուք եւ մեր ողջ ժողովուրդը ուրախանանք ձեր ջանքերի առատ պտուղներով: Թող հանապազօրյա Մեր աղոթքով եւ մեր սուրբ նախնյաց բարեխոսությամբ Տիրոջ ճշմարտության հոգին միշտ առաջնորդ լինի ձեզ: Հաջողություն ձեզ եւ բարի ընթացք Ազգային Ժողովի աշխատանքներին»:
Նոյյան տապան  -   Հասարակություն