ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ՀԱՄԵՐԳՆԵՐ ԿՏԱ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ<br /> ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ <br />


ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ՀԱՄԵՐԳՆԵՐ ԿՏԱ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ
ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ

  • 30-05-2007 18:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 2-ին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կկայանա Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի համերգը` նվիրված երգչախմբի հիմնադրման 70-ամյակին: Ինչպես մայիսի 30-ի ասուլիսում հայտնեց ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Կարինե Խոդիկյանը, ՀՀ Ժողովրդական արտիստ, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ երգչախումբը կներկայացնի հոգեւոր խմբերգային երաժշտության նմուշներ: Կ.Խոդիկյանը նշեց, որ նախարարության նախաձեռնությամբ երգչախումբը համերգներ կունենա նաեւ Արցախում: Բացի այդ, Հայոց բանակի ստեղծման եւ Շուշիի ազատագրման 15-ամյակների կապակցությամբ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու բակում կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը: Արցախում համերգներ կանցկացվեն նաեւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կողմից: Փոխնախարարի խոսքերով, Հայոց բանակի ստեղծման եւ Շուշիի ազատագրման 15-ամյակների կապակցությամբ նախարարությունը իրականացրել է բազմաբնույթ միջոցառումներ, այդ թվում «Հաղթական քոչարին Շուշիում» պարային համույթների փառատոն, գեղանկարի եւ գեղարվեստական լուսանկարի մրցույթ-ցուցահանդես, ինչպես նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը: Կ.Խոդիկյանը հայտնեց նաեւ, որ միջոցառումների շրջանակում նախարարությունը Ստեփանակերտի կենտրոնական գրադարանին է տրամադրել 3478 գրքեր:
Նոյյան տապան  -   Մշակույթ