ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՈՂԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 5<br /> ՆՈՐ ՌԵԿՈՐԴ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՈՂԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 5
ՆՈՐ ՌԵԿՈՐԴ

  • 14-05-2007 18:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 9-11-ին Երեւանի Դավիթ Համբարձումյանի անվան ջրային մարզաձեւերի մասնագիտացված մարզադպրոցում անցկացված Հայաստանի լողի առաջնությանը մասնակցում էին 8 թիմերի 110 լողորդներ: Առաջնությունում գրանցվեց հանրապետական 5 նոր ռեկորդ, իսկ 8 մրցաձեւում` սպորտի վարպետի համար սահմանված ցուցանիշից բարձր արդյունք: 16-ամյա Խաչիկ Փլավչյանը (Էջմիածին), որը հաղթող ճանաչվեց թիկնալողում 50 մ, 100 մ եւ 200 մ մրցատարածությունում, բացի այդ 100 մ մրցատարածությունում սահմանեց հանրապետական ռեկորդ` 1 րոպե 00,90 վրկ: Իսկ «դելֆին» լողաոճում 50 մ, 100 մ, եւ 200 մ մրցատարածությունում առաջին տեղը գրաված Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանող Գուրգեն Չավուշյանը հանրապետական ռեկորդ սահմանեց 100 մ մրցատարածությունում` 59,47 վրկ: Հայաստանի ազգային հավաքականը հանրապետական 3 նոր ռեկորդ սահմանեց 4x50 մ` ազատ, 4x100 մ` ազատ, եւ 4x100 մ` համալիր փոխանցալողերում: Լողի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ առանձնացրեց թիկնալողում 50 մ, 100 մ եւ 200 մ մրցատարածությունում հաղթող ճանաչված 12-ամյա Անահիտ Բարսեղյանին, ինչպես նաեւ Միքայել Քոլոյանին, որը լավագույնն էր ազատ լողաոճում 100 մ, 200 մ, 400 մ եւ համալիր լողում 200 մ մրցատարածություններում: Երկուսն էլ ներկայացնում են Երեւանի «Նեպտուն» մարզական ակումբը: «Բրաս» լողաոճում 100 մ եւ 200 մ մրցատարածությունում Հայաստանի չեմպիոն դարձավ Ալեքսանդր Ալիսյանը: «Բրաս» լողաոճում 50 մ մրցատարածությունում չեմպիոնի կոչումը Արամ Նազարյանը: Հիշեցնենք, որ վերջինս Ավստրալիայում անցկացված 2007թ.-ի աշխարհի առաջնությունից հետո Հայաստանի հավաքականի հետ չվերադարձավ Երեւան, եւ ԶԼՄ-ները շտապեցին հայտնել, որ նա փախել է եւ ստացել Ավստրալիայի քաղաքացիություն: Բայց լողորդը 2 շաբաթ անց վերադարձավ Երեւան, շարունակեց մարզվել եւ մասնակցեց Հայաստանի առաջնությանը: Նշենք, որ 1988թ.-ի երկրաշարժից հետո առաջին անգամ Հայաստանի առաջնությանը 11 լողորդ էր ներկայացրել Գյումրին: Նրանցից Արուսյակ Այվազյանը ազատ լողաոճով 200 մ եւ 400 մ մրցատարածություններում դարձավ, համապատասխանաբար, 2-րդ եւ 3-րդ մրցանակակիր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play