ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԱՅՔ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 51,7%-Ը<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԱՅՔ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 51,7%-Ը

  • 29-03-2007 14:56:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում ապրում էր 1 մլն 665 հազար 123 կին, ինչը կազմում է հանրապետության բնակչության ընդհանուր թվի 51,7%-ը: Նույն օրվա դրությամբ կանանց ամենաբարձր տեսակարար կշիռն արձանագրվել է Երեւանում` 53,3%, իսկ ամենացածրը Գեղարքունիքում` 49,7% տոկոս: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Ըստ նրա, հանրապետությունում 2006թ.-ին նորածինների 46,4%-ը կազմել են աղջիկները: Կ.Կույումջյանը նշեց, որ թեեւ սովորաբար տղաներ ավելի շատ են ծնվում, սակայն նրանց շրջանում արձանագրվում է մահացության ավելի բարձր ցուցանիշ: Կ.Կույումջյանը նշեց նաեւ, որ կանանց կյանքի միջին տեւողությունը 2005թ.-ի տվյալներով կազմել է 76,5 տարեկան: Հանրապետությունում արձանագրված մահերի 47,9%-ը բաժին է ընկնում կանանց: Դրանք հիմնականում պայմանավորված են արյունատար համակարգի հիվանդություններով, նորագոյացություններով, էնդոկրին համակարգի, շնչառական օրգանների հիվանդություններով:
Նոյյան տապան  -   Հասարակություն