Փարիզում տեղի ունեցավ մշակութային միջոցառում` Գյումրիից ժամանած արվեստագետների եւ երաժիշտների մասնակցությամբ


Փարիզում տեղի ունեցավ մշակութային միջոցառում` Գյումրիից ժամանած արվեստագետների եւ երաժիշտների մասնակցությամբ

  • 11-07-2011 11:23:52   | Հայաստան  |  Հասարակություն
Հուլիսի 8-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի շրջանակներում Փարիզի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Ալեք Մանուկյան Մշակութային կենտրոնում տեղի ունեցավ մշակութային միջոցառում` Գյումրիից ժամանած արվեստագետների եւ երաժիշտների մասնակցությամբ: Միջոցառման կազմակերպիչներն էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը եւ ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը: Արվեստագետ Վազգեն Պահլավունի Թադեւոսյանը ներկայացրեց «Հայաստանը եւ Ֆրանսիան հայ եւ ֆրանսիացի երեխաների աչքերով» նկարչական ցուցահանդեսը, ինչպես նաեւ իր հեղինակած «Հայկական թուղթ» էտյուդային դիմանկարների շարք ֆիլմը` ֆիլմի ռեժիսոր Գառնիկ Սարգսյանի ներկայությամբ: Ցուցադրվեցին Արմեն Տեր-Մկրտչյանի լուսանկարչական աշխատանքները: Միջոցառման առանցքը Գյումրիից ժամանած «ԲԱՄԲԻՌ» ֆոլք-ռոք երաժշտախմբի համերգային ծրագիրն էր` խմբի հիմնադիր եւ ղեկավար Գագիկ Բարսեղյանի, Նարեկ Բարսեղյանի եւ Արիկ Գրիգորյանի մասնակցությամբ: Երաժշտախումբը հանդես եկավ հայկական երաժշտական ստեղծագործությունների մշակումների եւ սեփական երգացանկի կատարումներով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվութան եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառումը մեծ տպավորություն թողեց հանդիսատեսի վրա: Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, ՀԲԸՄ ղեկավարությունը, հայ, ֆրանսիացի եւ արտերկրից ժամանած արվեստագետներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն