ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ<br /> ՆՈՐ ՇԵՆՔԸ<br />


ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
ՆՈՐ ՇԵՆՔԸ

  • 23-03-2007 17:46:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վանաձորում շահագործման է հանձնվել քրեակատարողական հիմնարկի նոր շենքը, որը նախատեսված է 240 դատապարտյալ եւ կալանավոր անձանց պահելու համար: Ներկայումս այնտեղ պահվում են 104 նման անձինք: Շենքը կառուցվել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկների արդիականացման ծրագրի շրջանակներում: Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է իրականացնել 12 տարվա ընթացքում: Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 254,5 մլն դրամ: Նախագծային եւ փաստացի շինարարության արժեքային տնտեսումը, ըստ ՀՀ արդարադատության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, կազմել է 70 մլն 835 հազ. դրամ (մոտ 200 հազ. ԱՄՆ դոլար): Քրեակատարողական հիմնարկի հին շենքը 19-րդ դարում կառուցված Հայաստանի հնագույն կալանավայրերից էր: Բարձր խոնավության պատճառով այդ շենքի առաջին հարկը գրեթե չէր օգտագործվում, ազատազրկված անձինք պահվում էին միայն 2-րդ հարկի խցերում: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, քրեակատարողական հիմնարկների արդիականացման ծրագրի շրջանակներում վերջերս վերաբացվել է նաեւ Արթիկի քրեակատարողական հիմնարկը: Հավանաբար, կվերակառուցվեն նաեւ Հրազդանի ներկայումս չգործող հիմնարկը եւ Աբովյանի քրեակատարողական հիմնարկը: Մնացած քրեակատարողական հաստատություններում, ըստ նախարարի, որոնց շենքերի վերակառուցումն անհնարին է, նախատեսվում է կառուցել նոր շենքեր: Ըստ ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանի, Վանաձորի քրեակատարողական հիմնարկում առկա են թափուր տեղեր` նվազագույնը 70 հազար դրամ աշխատավարձով:
Նոյյան տապան  -   Հասարակություն