«ԱՐՄԵՆԻԱ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԻՐԱԲՈՒՅԺԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 4 ՏԱՐՎԱ<br /> ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ<br />


«ԱՐՄԵՆԻԱ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԻՐԱԲՈՒՅԺԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 4 ՏԱՐՎԱ
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

  • 14-03-2007 15:34:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը մարտի 14-ին 4 տարվա ազատազրկման դատապարտեց «Արմենիա» բժշկական կենտրոնի 2-րդ վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Արմեն Սարգսյանին: Այդպիսով դատարանը հիմնավորված համարեց նրա նկատմամբ առաջադրված իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դրանք անփույթ եւ անբարեխիղճ կատարելու հետեւանքով բուժվող հիվանդ Նունե Բաղդասարյանի (ծնված 1984թ) մահն առաջացնելու մեղադրանքները: Ավելին, Ա.Սարգսյանը, ըստ մեղադրանքի, վերը նշվածը թաքցնելու նպատակով կատարել էր նաեւ փաստաթղթային կեղծիք: Ն.Բաղդասարյանը 2005թ-ի հոկտեմբերի 19-ին հիվանդանոց է ընդունվել «սուր որովայն, սուր դեստրուկտիվ ապենդիցիտ, տեղային պերիտոնիա» ախտորոշմամբ: Նույն օրը Ա.Սարգսյանը վիրահատել է նրան, հիվանդը տեղափոխվել է թերապիայի բաժանմունք եւ չնայած դրենաժից առկա շճայի արտադրանքի, դրենաժը հեռացվել է: Բացի այդ, հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից 37,2 աստիճան ջերմությամբ: Մինչեւ հիվանդի հաջորդ անգամ հիվանդանոց ներկայանալը` հոկտեմբերի 26-ը, որեւէ հսկողություն կամ հետազոտություն չի իրականացվել, թեեւ որովայնի խոռոչում պաթոլոգիան շարունակվել է, զարգացել է հետվիրահատական պերիտոնիտ: Արդյունքում շճային պերիտոնիտը զարգացել է եւ վերածվել տարածուն ֆիբրինոզ թարախային պերիտոնիտի: Հոկտեմբերի 26-ին բժիշկը ճիշտ ախտորոշում չի կատարել եւ 38,5 ջերմությամբ որովայնի շրջանում ցավերի ու փքվածության առկայության պայմաններում հիվանդին նորից ուղարկել տուն: Հոկտեմբերի 27-ին արդեն այլ մասնագետի կողմից հետազոտվելուց հետո Ն.Բաղդասարյանը կրկնավիրահատվել է, սակայն կյանքի հետ անհամատեղելի բարդությունների զարգացման հետեւանքով նրա կյանքը փրկել չի հաջողվել, եւ հոկտեմբերի 28-ին Ն.Բաղդասարյանը մահացել է:
Նոյյան տապան  -   Հասարակություն