Հայաստանի պետբյուջե մուտքագրված ԱԱՀ-ի ծավալը նվազել է<br /> 21,7%-ով, իսկ շահութահարկինը` 20,9%-ով<br />


Հայաստանի պետբյուջե մուտքագրված ԱԱՀ-ի ծավալը նվազել է
21,7%-ով, իսկ շահութահարկինը` 20,9%-ով

  • 06-04-2009 20:05:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի հունվար-փետրվարին պետական ՀՀ պետբյուջե մուտքագրված հարկերն ու տուրքերը կազմել են շուրջ 67,6 մլրդ դրամ (մոտ 201,5 մլն ԱՄՆ դոլար), ինչով ապահովվել է եռամսյակային ծրագրի 45,1%-ով կատարումը: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի, հարկերի ու տուրքերի 48,6%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Դրա ծավալը կազմել է շուրջ 32,9 մլրդ դրամ եւ նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ նվազել 21,7%-ով կամ 9,1 մլրդ դրամով: ԱԱՀ-ի մուտքերից ավելի քան 21,7 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 11,2 մլրդ դրամը` ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: Ընդ որում, նվազել են ե'ւ ներմուծումից, ե'ւ ներքին շրջանառությունից ստացված գումարները: Պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 9,1%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին, որը կազմել է շուրջ 6,2 մլրդ դրամ. մասնավորապես, հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է ավելի քան 4,2 մլրդ դրամ, որից շուրջ 1,5 մլրդ դրամը` բենզինի եւ դիզելային վառելիքի, 2,2 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են 1,9 մլրդ դրամ, որից 1,3 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ ակցիզային հարկի ծավալը նվազել է 5,3%-ով կամ 346,1 մլն դրամով: Ընդ որում, նվազել են ե'ւ հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից, ե'ւ հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված գումարները: 2008թ.-ի հունվար-փետրվարին պետբյուջեի հարկերի ու տուրքերի 13,2%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին, որը կազմել է շուրջ 8,9 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի գծով մուտքերը նվազել են 20,9%-ով կամ 2,4 մլրդ դրամով: 2009թ.-ի հունվար-փետրվարին ՀՀ պետբյուջե մուտքագրված եկամտահարկի ծավալը կազմել է շուրջ 7,6 մլրդ դրամ, որի գծով ապահովվել է հարկերի ու տուրքերի 11,2%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի գծով մուտքերն աճել են 15,8%-ով կամ 1 մլրդ դրամով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play