ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆ. ՍՊՈՐՏԱՁԵՎԻ ՊԱՏՇԱՃ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵԼ<br />


ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆ. ՍՊՈՐՏԱՁԵՎԻ ՊԱՏՇԱՃ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵԼ

  • 28-11-2006 18:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 13-16-ին Մոսկվայում կանցկացվի օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի մրցանակների խաղարկություն: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, այս միջազգային մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել 25 երկրների մարմնամարզիկներ: Հայաստանից մոսկովյան մրցաշարին կմասնակցեն փորձառու Վահագն Ստեփանյանը, Վահագն Դավթյանը, Նարեկ Ռաֆայելյանը, Լիանա Կոբալյանը եւ Աստղիկ Գյուլնազարյանը: Մրցավարական հանձնախմբում կլինի նաեւ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի ավագ մարզիչ Հակոբ Սերոբյանը: Ա.Ազարյանը նշեց, որ սպորտային մարմնամարզությանը պետբյուջեից տարեկան հատկացվում է ընդամենը 15 մլն դրամ (մոտ 39 հազ. ԱՄՆ դոլար), ինչը չափազանց փոքր գումար է: Ըստ ֆեդերացիայի նախագահի, եթե նոր մրցաշրջանում կառավարությունը գոնե կրկնապատկի գումարի չափը, ապա հնարավոր է հայ մարմնամարզիկները ձեռք բերեն օլիմպիական խաղերի ուղեգիր: Ա.Ազարյանը հիշեցրեց, որ օլիմպիական խաղերի առաջին հայաստանցի չեմպիոնը` Հրանտ Շահինյանը, մարմնամարզիկ է: Նրան հաջորդել են հայր եւ որդի Ազարյանները, օլիմպիական փոխչեմպիոն Էդվարդ Միքայելյանը: Իսկ Խորհրդային միության, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում հաջողության են հասել տասնյակ հայ մարմնամարզիկներ:
Նոյյան տապան  -   Սպորտ